ՀՊՄՀ-ում դեկաններ ընտրվեցին

18.09.2026
ՀՊՄՀ-ում դեկաններ ընտրվեցին

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի նախագահությամբ կայացավ նոր ուսումնական տարվա Գիտական խորհրդի առաջին նիստը։

Նիստի օրակարգի առաջին հարցը 3 ֆակուլտետների դեկանների ընտրությունն էր։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում առաջադրվել էին հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ Մարիաննա Ավետիսյանը, Լիդա Արամյանը և Լիլիթ Լաչինյանը։

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Արմինե Դալլաքյանն ու Գագիկ Հայրապետյանը։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ներկայացված էր պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Մարտիրոսյանը։

Թեկնածուներին, նրանց գիտամանկավարժական գործունեությունն ու ձեռքբերումները Գիտական խորհրդի անդամներին ներկայացրին Խորհրդին կից Մշակութային և Հումանիտար մասնագիտությունների գծով հանձնաժողովների նախագահներ Գևորգ Թադևոսյանն ու Աելիտա Դոլուխանյանը։

Գիտական խորհուրդը լսեց նաև դեկանի պաշտոնի թեկնածուների ծրագրային դրույթներն ու ֆակուլտետների զարգացման ռազմավարական ծրագրերը։ Թեկնածուները ներկայացրին իրենց պաշտոնավարման ընթացքում նախատեսվող հիմնական աշխատանքներն ու նորարարական նախաձեռնությունները՝ կարևորելով կրթության որակի և որակի ապահովման մեխանիզմների արդիականացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, միջազգային համագործակցության ընդլայնումը, կառավարման գործընթացների բարելավումը, ակադեմիական շարժունության զարգացումը, ուսանողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը և բուհ-դպրոց կապի ամրապնդումը։

Թեկնածուները պատասխանեցին Գիտխորհրդի անդամների հարցերին, ապա անցկացվեց փակ, գաղտնի քվեարկություն։ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան ընտրվեց Լիդա Արամյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան՝ Գագիկ Հայրապետյանը, իսկ Կուլտուրայի ֆակուլտետի դեկան՝ Արման Մարտիրոսյանը։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց նորընտիր դեկաններին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային ընթացք։

Լիլիթ Մկրտչյանը նաև հույս հայտնեց, որ նորընտիր դեկանների գործունեության հիմքում կլինեն հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական ծրագրերը՝ բուհական կրթության և հանրակրթության միջև կապն առավել ամրապնդելու նպատակով։

Գիտական խորհուրդը հաստատեց նաև 2026-2027 ուս.տարվա աշխատանքների ծրագրի մասին հարցը, որը ներկայացրեց Գիտական քարտուղար Հակոբ Թադևոսյանը։

Գիտության հարցերով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն էլ ներկայացրեց, իսկ խորհուրդը հաստատեց «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլի» 20 կրեդիտ ծրագրով կրթական ծառայությունների կազմակերպման և իրականացման կարգ»-ի նոր խմբագրությունը։

Քննարկվեց և հաստատվեց նաև ամբիոնների վերանվանման և միավորման մասին հարցը, որը ներկայացրեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Անդրադառնալով բուհում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին՝ Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ համալսարանը մասնագիտական իր տիրույթում պետք է լինի առաջատար։

Նրա խոսքով՝ անցումային փուլում իրականացվող վերակազմակերպումն ու կառուցվածքային միավորների վերանվանումները կատարվում են՝ հաշվի առնելով միջազգային փորձը և «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում նախատեսվող գործընթացները։