- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ-ն՝ բարձրագույն կրթության միջազգային դիրքավորման բարելավմանն ուղղված QS աշխատարանում
ՀՊՄՀ-ն՝ բարձրագույն կրթության միջազգային դիրքավորման բարելավմանն ուղղված QS աշխատարանում
16.09.2026
ՀՊՄՀ ներկայացուցիչները ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ մասնակցել են QS Quacquarelli Symonds-ի հետ համագործակցությունն ազդարարող երկօրյա աշխատարանին, որը համախբել է կրթության ոլորտի պատասխանատուներին, բուհերի ղեկավարներին և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։
ԿԳՄՍ նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու Ակադեմիական քաղաք Հայաստան/ Academic City Armenia հիմնադրամի համագործակցությունը QS-ի հետ միտված է բուհերի հետազոտական կարողությունների զարգացմանը, միջազգային տեսանելիության բարձրացմանն ու կրթության որակի բարելավմանը։
Համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը, ՀՀ բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։
Աշխատարանին ներկա են եղել նաև ՀՊՄՀ ներկայացուցիչները՝ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բուհերի միջազգային դիրքավորման բարելավումը պահանջում է հետևողական և երկարատև աշխատանք․ QS-ի հետ համագործակցության մեկնարկն այդ ուղղությամբ կարևոր քայլերից է։
«Ակնկալում ենք, որ որ QS-ի գործընկերների աջակցությամբ մեր բուհերը կկարողանան իրականացնել անհրաժեշտ փոփոխություններն ու վարկանիշավորման համակարգերում առաջընթաց գրանցել։ Միջազգային խորհրդատվական աջակցությունը չի ենթադրում պատրաստի լուծումների մեխանիկական կիրառում. միջազգային փորձը պետք է ուսումնասիրվի և կիրառվի՝ հաշվի առնելով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկություններն ու կարիքները։ Չկան պատրաստի դեղատոմսեր և պատրաստի լուծումներ բոլոր հարցերի համար. դրանք գտնվում են փորձի ուսումնասիրությամբ, համատեղ քննարկումներով, և կայացվող պատասխանատու որոշումներով։ Բոլոր որոշումները պետք է լինեն մտածված, քննարկված, հասկանալի, մասնակցային և թափանցիկ։ Սա նշանակում է, որ ամբողջ բարեփոխման գործընթացը հենց սկզբից պետք է իրականացվի բոլոր շահառուների ներգրավմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ փոփոխությունները չեն կարող իրականացվել մեկ օրում կամ մեկ փուլով. պահանջվում է շարունակական և հետևողական աշխատանք։
Նրա խոսքով՝ առաջընթացը պետք է արտացոլի կրթության որակի բարելավումը, գործատուների և աշխատաշուկայի բավարարվածությունը, ուսանողների համար բարձրագույն կրթության գրավչության մեծացումը և, որպես արդյունք, Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային մրցունակության բարձրացումը, որի կարևոր ցուցիչներից է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավման աճը։
Միջոցառման ընթացքում QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի հետ համագործակցության ռազմավարական ուղղությունները, միջազգային վարկանիշավորման մեթոդաբանությունն ու բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված մոտեցումները։
QS Quacquarelli Symonds-ը բարձրագույն կրթության ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպություն է, որը հայտնի է QS World University Rankings համաշխարհային համալսարանական վարկանիշով։
Բուհերի գնահատման շրջանակում հաշվի են առնվում, մասնավորապես, ակադեմիական, ինչպես նաև գործատուների շրջանում հեղինակությունը, գիտահետազոտական ազդեցությունը, շրջանավարտների զբաղվածության արդյունքները, միջազգային ներգրավվածությունը և մի շարք այլ ցուցիչներ։ Կազմակերպությունը նաև խորհրդատվական և վերլուծական աջակցություն է տրամադրում բուհերին և բարձրագույն կրթության համակարգերին՝ նպաստելով դրանց միջազգային տեսանելիության ու մրցունակության բարձրացմանը։