ՀՊՄՀ-ն միացել է Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիային

15.09.2026
ՀՊՄՀ-ն միացել է Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիային

ՀՀ բուհերի միջև կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման ուղղությամբ համագործակցության ընդլայնման համատեքստում Մանկավարժական համալսարանը միացել է Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիային։

 

Կոալիցիայի ստեղծման վերաբերյալ համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը կայացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի բացման միջոցառման շրջանակում։

 

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը ստորագրել է փոխըմբռնման հուշագիրը՝ հաստատելով համալսարանի անդամակցությունը Կոալիցիային։

 

ՀՊՄՀ-ի մասնակցությունը նախաձեռնությանը նոր հնարավորություն է ստեղծում համալսարանի կրթական, գիտական և փորձագիտական ներուժը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջբուհական և միջգիտակարգային համագործակցության մեջ ներգրավելու համար։

 

Կոալիցիայի նպատակն է ստեղծել ՀՀ բուհերի ակադեմիական համագործակցության միասնական հարթակ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման ուղղությամբ։

 

Նախաձեռնությունը միտված է համախմբելու բուհերի գիտական, կրթական և փորձագիտական ներուժը, խթանելու միջբուհական ու միջգիտակարգային համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու Հայաստանի բուհական համակարգի ակտիվ ներգրավվածությունը COP17-ի շրջանակում իրականացվող գործընթացներում և նախաձեռնություններում։

 

Կոալիցիայի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ կրթական և գիտահետազոտական նախաձեռնություններ, թեմատիկ գիտաժողովներ ու քննարկումներ, ուսանողական և երիտասարդական ծրագրեր, հանրային իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև ձևավորել ուսանողական կամավորական ցանց։

 

Կոալիցիայի առաջին համատեղ նախաձեռնություններից է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի բուհերի ուսանողներին ներգրավել կենսաբազմազանության պահպանության և COP17-ի հետ կապված գործընթացներում՝ ձևավորելով իրազեկ և ակտիվ երիտասարդական համայնք։

 

Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան խորացնելու կենսաբազմազանության և դրա պահպանության վերաբերյալ գիտելիքները, մասնակցելու կրթական, իրազեկման և կամավորական նախաձեռնությունների, ինչպես նաև ներգրավվելու COP17-ին ընդառաջ և դրա շրջանակում իրականացվող միջոցառումներին։