- Մեդիա > Նորություններ >Քննարկվեցին Հայկազյան համալսարանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քննարկվեցին Հայկազյան համալսարանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11.09.2026
Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր, վերապատվելի Փոլ Հայդոսթյանը և Հայկական սփյուռքի գիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Դաքեսսյանը։
Հյուրերի հետ հանդիպմանը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց Հայկազյան համալսարանի հետ ձևավորված համագործակցության շարունակականությունն ու նոր համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ քննարկումները։
Անդրադառնալով երկու հաստատությունների առաքելությանը՝ Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց Մանկավարժական համալսարանի առանցքային դերակատարությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացում՝ նշելով, որ երկու կրթական հաստատություններին միավորում է ազգային ինքնության պահպանմանն և սերունդներին փոխանցման, կրթության միջոցով հասարակության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու ընդհանուր առաքելությունը։
«Ժամանակակից աշխարհում մենք պետք է ունենանք մեր տեղը, դերը և ստեղծենք կրթական այնպիսի համակարգ, որ աշխարհը սկսի մեզնից սովորել»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի շրջանակում ձևավորվել և զարգացել է ակադեմիական ու գիտական համագործակցություն։ Համագործակցության արդյունքում իրականացվել են համատեղ գիտական հրատարակություններ, կազմակերպվել միջազգային գիտաժողովներ և այլ գիտակրթական նախաձեռնություններ։
Համագործակցության հերթական կարևոր նախաձեռնությունը սեպտեմբերի 14-ին կայանալիք «Փոխակերպվող հայաշխարհ․ գործընթացներ և իրողություններ» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովն է, որը կանցկացվի երկու բուհերի համագործակցությամբ։
Հայկազյան համալսարանը շուրջ 25 տարի նախագահող դոկտոր Փոլ Հայդոսթյանն անդրադարձավ իր ղեկավարած կառույցի առաքելությանն ու հայկական կրթական հաստատությունների հետ համագործակցության կարևորությանը՝ առանձնահատուկ ընդգծելով Մանկավարժական համալսարանի և Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հետ ձևավորված կապերը։
Նրա խոսքով՝ այս համագործակցությունն առանձնանում է ոչ միայն իրականացված համատեղ նախաձեռնություններով, այլև մասնագիտական ամուր կապերով․ ՀՊՄՀ դասախոսական կազմի ներկայացուցիչների մեջ կան «հայկազյաններ», որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ շարունակում են երկու հաստատությունների միջև ձևավորված կապը։
«Եթե մենք չդաստիարակենք մեր զավակներին, ուրիշները կանեն դա»,- նշեց Փոլ Հայդոսթյանը՝ անդրադառնալով սփյուռքում հայոց լեզվի և պատմության դասավանդման կարևորությանը։ Նրա դիտարկմամբ՝ հայեցի կրթությունն ու դաստիարակությունը սփյուռքահայ երիտասարդների ինքնության պահպանման կարևորագույն նախապայմաններից են և ունեն նաև ազգային անվտանգության նշանակություն։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Հայկական սփյուռքի դերին ու նշանակությանը, հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման հիմնախնդիրներին, հայագիտական կրթության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև կրթության և դասավանդման ժամանակակից մեթոդաբանություններին։