ՀՊՄՀ պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ
10.09.2026
ՀՊՄՀ Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանն ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամ՝ Քիմիական և հարակից գիտությունների բնագավառում։
Գիտական բարձր ճանաչումը կարևոր գնահատական է պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանի երկարամյա գիտական գործունեությանը, մասնագիտական վաստակին, գիտակրթական ոլորտներում ունեցած նշանակալի ներդրմանը։
Էդուարդ Կոկանյանի գիտական հիմնական ուղղություններից են բյուրեղների աճեցումն ու հետազոտումը, իսկ նրա դոկտորական ատենախոսությունը նվիրված է տարբեր բաղադրության LiNbO₃, NaBi(WO₄)₂ և YAl₃(BO₃)₄ բյուրեղների ստացման և ֆիզիկական հատկությունների հետազոտմանը։
Պրոֆեսոր Կոկանյանը նաև ղեկավարում է ՀՊՄՀ Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիան։
Էդուարդ Կոկանյանի ընտրությունը ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ կարևոր ձեռքբերում է նաև Մանկավարժական համալսարանի համար՝ ընդգծելով բուհում գիտական ներուժի զարգացման, հետազոտական գործունեության և ակադեմիական ավանդույթների շարունակականության կարևորությունը։
Նշենք, որ 2009 թվականին պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանը ֆիզիկայի բնագավառում արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի՝ գիտական հոդվածաշարի համար։
Նա նաև գիտաչափական հեղինակավոր շտեմարաններում ամենաշատ ցիտվող հայ գիտնականներից է՝ իր գիտական հրապարակումների բարձր վկայակոչելիությամբ։