ՀՊՄՀ-ում քննարկվել է բուհերի թվային ներկայության միասնական ստանդարտի ներդրման նախաձեռնությունը

02.09.2026
ՀՊՄՀ-ում քննարկվել է բուհերի թվային ներկայության միասնական ստանդարտի ներդրման նախաձեռնությունը

Մանկավարժական համալսարանում քննարկվել է բուհերի թվային ներկայության միասնական ստանդարտի ներդրման նախաձեռնությունը, որի նպատակն է բարելավել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների թվային ներկայությունն ու օգտատերերի փորձը։

Նախաձեռնության հիմքում տարբեր բուհերի ուսանողների դիտարկումներն ու գաղափարներն են։ Ուսանողները, որպես բուհերի կայքերի և թվային ծառայությունների ամենօրյա օգտատերեր, առանձնացրել են մի շարք խնդիրներ՝ տեղեկատվության որոնման բարդություն, փաստաթղթերի ոչ համակարգված ներկայացում, բջջային տարբերակների անհարմարություն, բազմալեզու բովանդակության ապահովման խնդիրներ և թվային միջավայրին առնչվող այլ խոչընդոտներ։

ՀՊՄՀ-ում նախաձեռնությունը ներկայացրել են Innovayse-ի հիմնադիր-տնօրեն Հակոբ Վարդանյանը և վեբ ծրագրավորող Վարուժան Ավագյանը, որը նաև Մանկավարժական համալսարանի ուսանող է։ Հանդիպմանը նրանք ներկայացրել են նախաձեռնության նպատակներն ու բուհերի համար նախատեսվող հնարավոր թվային լուծումների հիմնական ուղղությունները։

Ինչպես նշեց Innovayse-ի հիմնադիր-տնօրեն Հակոբ Վարդանյանը, ուսանողական գաղափարը Innovayse-ի հետ համագործակցության արդյունքում վերածվել է ամբողջական ծրագրային առաջարկի։ «Նախաձեռնության նպատակն առանձին բուհերի աշխատանքը գնահատելը կամ քննադատելը չէ։ Խնդիրը բուհերի թվային միջավայրի զարգացման համար ընդհանուր որակի չափանիշների և ժամանակակից լուծումների ձևավորումն է։ Յուրաքանչյուր բուհի տեսողական ինքնությունը, կառուցվածքը, բովանդակությունը և ներքին կառավարման գործընթացները պահպանվում են։ Միասնականացվում են թվային որակի, անվտանգության, հասանելիության, օգտագործելիության և այլ հիմնական պահանջների նվազագույն չափանիշները»,- նշել է Հակոբ Վարդանյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև բուհերի համար հնարավոր թվային լուծումների հիմնական ուղղությունները։

Innovayse-ի հիմնադիր-տնօրենն ընդգծել է, որ նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է ուսանողների ներգրավվածությունը։ Տարբեր բուհերի ուսանողները կարող են կամավոր հիմունքներով մասնակցել ծրագրի հետագա մշակմանն ու իրականացման գործընթացներին՝ ներկայացնելով իրենց բուհերի թվային միջավայրի վերաբերյալ դիտարկումներ, առաջարկներ և օգտատերերի փորձի գնահատականներ։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց բուհական և կրթական միջավայրի զարգացման գործընթացներում ուսանողների ներգրավվածությունը։ Նա վստահեցրեց, որ առաջարկն ուսումնասիրելուց հետո ՀՊՄՀ-ն կքննարկի հնարավոր համագործակցության և հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությունները։