Երբ գույնը գալիս է ներսից․ Ֆաենբերգ Սարգսյանի հաջողության պատմությունը
10.09.2026
Նա իր աշխատանքների մասին պատմելիս երբեք չի խոսում միայն գույնից, ձևից կամ տեխնիկայից։ Նրա համար կտավը մարդու պատմությունն է, տրամադրությունը, ներքին աշխարհը։ Գույնը պարզապես գույն չէ, կակաչը՝ ծաղիկ, իսկ դիմանկարը՝ մարդու արտաքինի վերարտադրություն։ Նրա արվեստում ամեն ինչ ունի իր պատմությունը, իսկ ամենակարևորը՝ հոգին։
ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, գեղանկարիչ, Ֆաենբերգ Սարգսյանը Մանկավարժականի շրջանավարտ է։ Նա արդեն հինգ տասնամյակ զբաղվում է մանկավարժությամբ, աշխատում ուսանողների հետ, սովորեցնում, ուղղորդում, բայց, ինչպես ինքն է ասում, նրանցից էլ է սովորում։ Գուցե հենց սա է նրա ամենակարևոր առանձնահատկություններից մեկը։ Տարիների փորձը նրան չի դարձրել ուսանողից հեռու վարպետ․ընդհակառակը՝ շարունակում է աշխարհին նայել զարմանքով։
«Ես ինձ երբեք չեմ գնահատել։ Ինձ թվում է՝ ես դեռ երեխա եմ, դեռ նոր պիտի ստեղծագործեմ»,- ասում է նա։ Այս խոսքերի մեջ, թերևս, նրա ամբողջ էությունն է՝ արվեստագետ, որի համար ստեղծագործությունը երբեք ավարտված ճանապարհ չէ։
Նա չի փորձում նախապես որոշել՝ ինչ գույն պիտի լինի իր նկարում։ Գույնն ընտրում է տրամադրությունը։
«Ես երբեք ինձ չեմ խաբում, անում եմ այն, ինչ զգում եմ, ինչ որ կա իմ ներսում»,- ասում է նա։ Ֆաենբերգ Սարգսյանի բնորոշմամբ՝ իր նկարչությունը հոգևոր է։ Եթե դիմանկար է կերտում, ապա փորձում է կտավի մեջ փոխանցել ոչ միայն մարդու արտաքինը, այլև նրա ամբողջ կյանքի պատմությունը։ Յուրաքանչյուր մարդ, նրա համոզմամբ, ունի իր գունային աուրան, և ինքը փորձում է զգալ այդ գույնը։ Գուցե հենց այդ պատճառով նրա համար չկա մեկ գերիշխող գույն։ Կարմիրը, դեղինը, կապույտը կարող են հայտնվել նույն կտավում, բայց իրական «իշխող գույնը» մարդու հոգեվիճակն է։
«Իմ ներսի աշխարհը միշտ վառ է՝ կյանքը կա, կյանքի նկատմամբ սերը կա»,- ասում է նա։
Կակաչները նրա կտավներում առանձնահատուկ տեղ ունեն։ Կակաչը նրա համար պատմություն է․ յուրաքանչյուրն իր տեղն ունի՝ մեկը ժայռի վրա է, մյուսը՝ ավելի ներքևում, մեկը՝ միայնակ, մյուսը՝ շրջապատված․«Որքան նկարում ես՝ այնքան զգում ես, որ քիչ ես նկարել»,- ասում է նա։ Թերևս հենց սա է արվեստի նկատմամբ նրա վերաբերմունքի բանաձևը․ որքան խորն ես նայում, այնքան ավելի շատ բան ես տեսնում։
Հինգ տասնամյակ՝ ուսանողի կողքին
Նրա կենսագրության մեջ արվեստն ու մանկավարժությունը երբեք առանձին չեն եղել։
Մանկավարժական համալսարանում տարիներ շարունակ նա ոչ միայն մասնագիտական գիտելիք է փոխանցել, այլև փորձել է յուրաքանչյուր ուսանողի մեջ գտնել այն անհատականությունը, որը դեռ ձևավորման ճանապարհին է․ «Ես իրենցից էլ եմ սովորում»,- ասում է նա։
Ֆաենբերգ Սարգսյանի մանկավարժական մոտեցման հիմքում ոչ թե ուսանողին իր պատկերացումների մեջ տեղավորելն է, այլ նրա մեջ եղածը բացահայտելը․«Իմ ամբողջ նպատակը եղել է նրանց մեջ արթնացնել իրենց էությունը, այն, ինչ Աստված տվել է իրենց»։
Նրա համոզմամբ՝ երիտասարդ նկարիչը չպետք է կորցնի սեփական ձայնը՝ ենթարկվելով միայն արտաքին պահանջներին կամ շուկայական մտածողությանը։ Մանկավարժի առաքելությունը նա տեսնում է նաև այդ անհատականությունը պահպանելու մեջ։
Տարիների աշխատանքի իրական արժեքը նա, թերևս, վերջնականապես հասկացել է Հայաստանից դուրս, երբ տարբեր երկրներում հանդիպել է հաջողության հասած իր շրջանավարտներին։ Այդ հանդիպումներն այլ կերպ են ստիպել նրան նայել իր անցած ճանապարհին․«Հիմա եմ հասկանում իմ աշխատանքի արդյունքը, որ իմ շրջանավարտներն ինչքան շատ են ինձ գնահատում, հարգում, սիրում»,- ասում է նա։
Նրա ուսանողների թվում են նաև այսօր ճանաչված նկարիչներ՝ Թաթոսը, Օշականցին, Կայծակը, Նիկոլ Աղաբաբյանը և ուրիշներ։ Նրանց ստեղծագործական ճանապարհները տարբեր են, բայց նրանց միավորում է այն դպրոցը, որտեղ իրենց ժամանակին փորձել են ոչ միայն նկարել սովորեցնել, այլև գտնել սեփական ձեռագիրը։
Ֆաենբերգ Սարգսյանը չի վախենում ժամանակից․գուցե, որովհետև ժամանակը նրա համար ոչ թե ավարտվող տարիների, այլ շարունակվող ստեղծագործության չափանիշ է։