Փոխակերպվող հայաշխարհը՝ գիտական քննարկման առանցքում

14.09.2026
Փոխակերպվող հայաշխարհը՝ գիտական քննարկման առանցքում

ՀՊՄՀ-ի և Բեյրութի Հայկազյան համալսարանի համագործակցությամբ կայացավ «Փոխակերպվող հայաշխարհ․ գործընթացներ և իրողություններ» խորագրով միջազգային գիտաժողով-աշխատաժողովը։ Այն երկու կառույցների համատեղ նախաձեռնությամբ անցկացվող երրորդ գիտական ձեռնարկն էր։

Աշխատաժողովը համախմբել էր Հայաստանի և Սփյուռքի գիտակրթական կառույցների ներկայացուցիչների՝ հայ ինքնության և մշակույթի, պետականության, Սփյուռքի և հայաշխարհի արդի փոխակերպումների շուրջ գիտական քննարկում ծավալելու նպատակով։

«Այսօր` փոփոխվող աշխարհում, ի՞նչ է նշանակում լինել հայ։ Սա միայն ինքնության մասին հարց չէ․ նաև պետության, Սփյուռքի, մշակույթի, կրթության, գիտության, սերունդների և, ի վերջո, մեր ապագայի մասին հարց է։ Ինքնությունը պահպանվում է ոչ միայն այն ժամանակ, երբ մենք պահպանում ենք անցյալը, այլև, երբ կարողանում ենք այդ ժառանգությունը դարձնել ներկայի և ապագայի կենդանի մաս։ Երբ խոսում ենք հայաշխարհի փոխակերպումների մասին, մենք չենք կարող շրջանցել կրթությունը։ Եթե ուզում ենք, որ մեր ինքնությունը լինի կենսունակ, ոչ թե միայն հիշողություն, ապա պետք է մտածենք, թե ինչ կրթություն ենք տալիս հաջորդ սերնդին»,- գիտաժողովի բացման խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու ձեռնարկը նաև դրանով կարևորեց․ այն հնարավորություն է ոչ միայն խոսելու հայաշխարհի մասին, այլ փորձելու հասկանալ դրա ներկա վիճակը, փոփոխությունների ուղղություններն ու ապագայի հնարավորությունները։

Ռեկտորի պաշտոնակատարը ՀՊՄՀ-ի և Հայկազյան համալսարանի համագործակցությունը կարևորեց ինչպես երկու բուհի գործընկերության, այնպես էլ՝ Հայաստանի և Սփյուռքի գիտակրթական ներուժը մեկ ընդհանուր տարածքում միավորելու հնարավորթյան առումով։

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի առաքելությունը, ընդգծեց կրթության՝ տարբեր աշխարհների միջև կամուրջներ ստեղծելու կարևորությունը։ Միաժամանակ նկատեց՝ վերջին տարիներին Հայաստանը կարծես որոշակիորեն անջատված է իրականությունից։

Փոլ Հայդոսթյանի խոսքով՝ գիտաժողովի խորագրում տեղ գտած «փոխակերպվող» բառը կարող է նոր բացահայտումների առիթ դառնալ՝ օգնելով վերաիմաստավորել հայաշխարհի ձևակերպումը, դրա սահմաններն ու փոխկապակցվածությունը։ Գիտաժողովից նա ակնկալում է ոչ միայն տեղի ունեցող փոփոխությունների արժևորում և նկարագրություն, այլև դրանց պատճառների խորքային ուսումնասիրություն և ըմբռնում։

Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի գիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Դաքեսսյանը հայաշխարհը դիտարկում է որպես մեկ ամբողջություն, որի կարևոր բաղադրիչներից են նաև նման գիտաժողովները։ Նրա խոսքով՝ ներկայացված գիտական նյութերը կարիք ունեն մեկտեղման, հանրայնացման։

Նրա համոզմամբ՝ մտավորականության կարևոր առաքելություններից է ոչ միայն արձանագրել տեղի ունեցող գործընթացները, այլև գիտական գնահատականների միջոցով օգնել հաջորդ սերունդներին՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել և դեպի ուր տանել հայաշխարհը։

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ պատմությունն ինքնին փոխակերպումների շղթա է, և առանցքային հարցն այն է, թե այդ փոխակերպումներից որո՞նք պետք է ընդունել ու թույլ տալ, որ փոխեն մեզ, և որո՞նց պետք է ընդդիմանալ։
Նրա խոսքով՝ հենց այս երկու մոտեցումների հավասարակշռության մեջ է ինքնապահպանման և առաջ շարժվելու բանաձևը։ Եթե գիտաժողովին հաջողվի գոնե տեսական մակարդակում ձևակերպել այդ հարցերի պատասխանները և դրանք վերածել գործնական առաջարկների, ապա այն կունենա ոչ միայն գիտական, այլև գիտագործնական նշանակություն։

Էդգար Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ գիտաժողովում ներկայացված զեկուցումները փորձել են հասնել հիմնախնդիրների խորքին, իսկ դրանց ուսումնասիրման համար կիրառվել է միջառարկայական մոտեցում։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանն էլ նկատեց, որ գիտաժողովի նպատակն է վեր հանել աշխարհում տեղի ունեցող փոխակերպումներից բխող խնդիրները և դրանք դիտարկել տարբեր տեսանկյուններից։

Պրոֆեսորը կարևորեց նաև ներկայացված նյութերի բովանդակային և ձևաչափային առանձնահատկությունը՝ ընդգծելով, որ գիտաժողովը հնարավորություն է ստեղծում ոչ միայն արձանագրելու առկա խնդիրները, այլև ներկայացնելու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ հայ մտավորականի տեսակետը։ Լիահույս է՝ հնչած դիտարկումները և առաջարկները անտարբեր չեն թողնի նաև համապատասխան կառույցներին՝ նպաստելով քննարկված խնդիրների շուրջ հետագա գործնական քայլերի ձևավորմանը։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեց 4՝ «Հայ մշակույթ և ինքնություն», «Պետականություն և Սփյուռք», «Ազգային գաղափարախոսություն», «Հայաշխարհ և համաշխարհայնացում» մասնաճյուղերում։

Նաև առցանց քննարկվեցին «Ո՞վ է հայը» հարցադրման սոցիալական և փորձառական հիմքերը, հոգեխոցի ազդեցությունը ժամանակակից հայաստանյան ինքնության որոշ դրսևորումների վրա, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պատմական զարգացումները, առկա ճգնաժամերն ու հետագա հեռանկարները, ազգ-պետություն և Սփյուռք հարաբերությունների ինստիտուցիոնալ մեխանիզմներն ու դրանց զարգացման անհրաժեշտությանը։

Զեկույցներով հանդես եկան Հայաստանի և Սփյուռքի գիտակրթական կառույցների տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Բանախոսները անդրադարձան նաև «Իրական Հայաստան» գաղափարին, ազգային պետության ընկալումներին և Հայաստանի պետականության ու պատմականորեն ձևավորված համահայկական պատկերացումների փոխհարաբերություններին, Հայաստանի ու Սփյուռքի զարգացման վրա համաշխարհայնացման և թվային տեխնոլոգիաների ազդեցությանը։

Մասնավորապես՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա ճգնաժամային դրսևորումներին, ձևավորված նոր իրողություններին՝ նշելով, որ առկա խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ է երկկողմ հետաքրքրվածություն, նպատակների համաձայնեցում՝ փոխըմբռնման և կառուցողական համագործակցության հասնելու համար։

Բանախոսները անդրադարձան նաև «Իրական Հայաստան» գաղափարին, ազգային պետության ընկալումներին և Հայաստանի պետականության ու պատմականորեն ձևավորված համահայկական պատկերացումների փոխհարաբերություններին, Հայաստանի ու Սփյուռքի զարգացման վրա համաշխարհայնացման և թվային տեխնոլոգիաների ազդեցությանը։

Ներկայացվեցին հայկական համաշխարհային ցանցերի ներուժը, տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև թվայնացման պայմաններում սփյուռքահայության ինքնության, լեզվի, մշակույթի և համայնքային կապերի փոխակերպումները։

Գիտաժողովի ավարտին ամփոփվեցին ներկայացված զեկուցումների և քննարկումների հիմնական արդյունքները՝ ընդգծելով փոխակերպվող հայաշխարհի գործընթացների շարունակական ուսումնասիրման և Հայաստան-Սփյուռք գիտական և ինստիտուցիոնալ համագործակցության կարևորությունը։