Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց Հայագիտական միջազգային կոնգրեսին

31.07.2026
Լիլիթ Մկրտչյանը մասնակցեց Հայագիտական միջազգային կոնգրեսին

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հուլիսի 22-24-ը մասնակցեց Մատենադարանում անցկացված 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին, որին մասնակցում էին աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ, գիտնականներ և մասնագետներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։


Կոնգրեսի շրջանակում Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց «Հայագիտության նոր օրակարգը մանկավարժական կրթության համակարգում. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձը, առաքելությունն ու տեսլականը» թեմայով զեկույցը։

Նա ընդգծեց, որ հայագիտությունը երբեք չի եղել միայն գիտական ուսումնասիրության առանձին կամ փակ ոլորտ․ այն եղել և մնում է ազգային ինքնաճանաչման, պատմական հիշողության, լեզվամշակութային հարուստ ժառանգության պահպանման և հայկական ինքնության վերարտադրության հիմնասյուներից մեկը։

Լիլիթ Մկրտչյանը նկատեց՝ հայագիտության գլխավոր հարցն այսօր այլևս միայն այն չէ, թե ինչ ենք ուսումնասիրում։ Առավել կարևոր ու հրատապ են դառնում՝ ինչպե՞ս ենք փոխանցում այդ գիտելիքը ժամանակակից սերունդներին, ո՞ւմ ենք փոխանցում այդ արժեքավոր ժառանգությունը, ինչպիսի՞ Հայաստան ու համահայկական գիտակրթական տարածք ենք կառուցում այդ գիտելիքի միջոցով փոխկապակցված հարցադրումները․ «Ուսուցիչը պարզապես գիտելիք փոխանցող չէ․ նա մշակութային հիշողության կրող է, ազգային արժեհամակարգի ձևավորող և հասարակական ինքնագիտակցության կարևորագույն դերակատար։ Եթե դասական համալսարանում ստեղծվում է գիտելիքը, ապա Մանկավարժական համալսարանում ձևավորվում է նաև այն մասնագետը, որի միջոցով այդ գիտելիքը դառնում է հասարակական արժեք ու կրթական բովանդակություն»,-նշեց Լիլիթ Մկրտչյանն ու հավելեց՝ այս գիտակցումն է ՀՊՄՀ-ի առաքելության հիմքում։

Նա անդրադարձավ հայագիտության ռազմավարական մարտահրավերներին, խոսեց Մանկավարժականի կատարած աշխատանքի և հայագիտական մոդելի մասին, անդրադարձավ հայագիտության ապագային և առաջիկա անելիքներին, ընդգծելով՝ հայագիտությունը պետք է շարունակի մնալ ազգային ինքնության պահպանման կարևորագույն հենասյուներից մեկը, նշելով, որ դրա ապագան կախված է բաց, մրցունակ և միջազգային ճանաչում ունեցող գիտակարգ դարձնելու մեր կարողությունից։