- Մեդիա > Նորություններ >Լիլիթ Մկրտչյանը դասախոսությամբ հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցում
Լիլիթ Մկրտչյանը դասախոսությամբ հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցում
24.07.2026
Հուլիսի 22-23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ շուրջ 30 ուսուցիչների մասնակցությամբ Երևանից և ՀՀ մյուս մարզերից։
Ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ նաև ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
Ծրագրի նպատակն էր ուսուցիչներին ներկայացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արդի գիտական մոտեցումները և թեմայի դասավանդման արդյունավետ մեթոդները՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Երկօրյա դասընթացին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողները և հրավիրված մասնագետները ներկայացրին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, ժողովրդագրական և հասարակագիտական տարբեր ասպեկտները։
Մասնակիցները, մասնավորապես, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին հանրային գիտելիքի արդի մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային ճանաչմանն ու ժխտողականությանն առչվող խնդիրներին։
Ծրագրում ընդգրկված էին նաև դասախոսություններ՝ նվիրված այլ ժողովուրդների ցեղասպանություններին, ժամանակակից աշխարհում ցեղասպանությունների և զանգվածային բռնությունների դրսևորումներին ու կանխարգելման հիմնախնդիրներին, արհեստական բանականության դարաշրջանում ի հայտ եկող նոր մարտահրավերներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կրթական գործնական աշխատանքներին։
Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։