ՀՊՄՀ-ում էին Պանթեոնի համալսարանի ներկայացուցիչները

17.07.2026
ՀՊՄՀ-ում էին  Պանթեոնի համալսարանի  ներկայացուցիչները

Մանկավարժական համալսարանում  հյուրընկալվել էին Հունաստանի Պանթեոնի հասարակական և քաղաքական գիտությունների համալսարանի գրադարանի տնօրեն Կոնստանտիա Կակալին և պատմաբան-գրադարանավար Այկատերինի Կանտիոտուն։


Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում կայացած այցի նպատակն էր ամրապնդել երկկողմ համագործակցությունը, փոխանակվել մասնագիտական փորձով և ընդլայնել հետագա համագործակցության հնարավորությունները։


Հույն գործընկերները հանդիպեցին ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ, ծանոթացան համալսարանի պատմությանը, ձևավորված ավանդույթներին և միջազգային ոլորտում բուհի ձեռքբերումներին։


Այցի  շրջանակներում հյուրերը ճանաչողական այցով եղան  նաև ՀՊՄՀ գրադարանում։  Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը հյուրերին ներկայացրեց հումանիտար ընթերցասրահի գրականության կառուցվածքը, էլեկտրոնային և տպագիր գրացուցակները, ինչպես նաև գրքերի հաշվառման և մուտքագրման գործընթացը։


Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին նաև իրենց գրադարանների ֆոնդերը։ Հույն գործընկերների խոսքով՝ Պանթեոնի համալսարանի գրադարանն ունի շուրջ 140 հազար միավոր հասարակական և քաղաքական ուղղվածության տպագիր նյութ, ինչպես նաև շուրջ 300 հազար միավոր էլեկտրոնային գրականություն։ Տիգրան Պետրոսյանցն իր հերթին ներկայացրեց ՀՊՄՀ գիտական գրադարանի հնարավորությունները՝ նշելով, որ այն ներառում է շուրջ 400 հազար միավոր տպագիր և ավելի քան 500 հազար միավոր էլեկտրոնային գրականություն։


Այցի ավարտին Տիգրան Պետրոսյանցը հունական համալսարանի գրադարանին նվիրեց իր հեղինակած գրքերից, ինչպես նաև Միցոս Ալեքսանդրապուլոսի «Հայերը» ճանապարհորդական վեպը, որը հայերեն թարգմանվել է 1984 թվականին։