- Մեդիա > Նորություններ >ՀՊՄՀ ուսանողները մասնակցեցին «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» ամառային դպրոցին
ՀՊՄՀ ուսանողները մասնակցեցին «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» ամառային դպրոցին
24.07.2026
Հուլիսի 21-23-ը Մանկավարժական համալսարանի ուսանողներն ու երիտասարդ հետազոտողները Աղվերանում մասնակցեցին «Հայաստանի արտաքին քաղաքականություն և ռազմավարական հաղորդակցություն» խորագրով եռօրյա ամառային դպրոցին։
Ծրագրին մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերի և կրթական հաստատությունների ավելի քան 50 ուսանող և երիտասարդ հետազոտող։
Ամառային դպրոցի նպատակն էր ձևավորել մասնագիտական կրթական հարթակ, որը մասնակիցներին հնարավորություն կտար խորացնելու գիտելիքները Հայաստանի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և ռազմավարական հաղորդակցության արդիական հիմնահարցերի վերաբերյալ, զարգացնելու վերլուծական և գործնական հմտությունները, ինչպես նաև անմիջական շփում հաստատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ։
Եռօրյա ծրագրի ընթացքում անցկացվեցին դասախոսություններ և մասնագիտական քննարկումներ։ «Հայաստանը միջազգային համակարգում» թեմայի շրջանակում անդրադարձ կատարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, արտաքին քաղաքականության վերափոխման գործընթացներին, ինչպես նաև Հայաստանի հարաբերություններին Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Ծոցի երկրների հետ։
Ծրագրի երկրորդ օրը նվիրված էր ռազմավարական հաղորդակցության հիմնախնդիրներին։ Քննարկումների առանցքում էին ժամանակակից ժողովրդավարություններում սոցիալական կոնսենսուսի ձևավորման առանձնահատկությունները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) մեխանիզմները, ինչպես նաև երկրի միջազգային վարկանիշի ձևավորման և բրենդավորման ռազմավարությունները։
Ամառային դպրոցի եզրափակիչ օրը կազմակերպվեց «Համաշխարհային սրճարան» (World Café) ձևաչափով քաղաքական երկխոսություն, որի ընթացքում մասնակիցները փոքր խմբերով քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության և ռազմավարական հաղորդակցության ոլորտներում առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։
Քննարկումների արդյունքում մշակվեցին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ, որոնք հիմնված էին նախորդ օրերին ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական քննարկումների արդյունքների վրա։
Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և սոցիոլոգիայի ֆակուլտետների, ինչպես նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն ձեռք բերել արդիական գիտելիքներ արտաքին քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ոլորտներում, այլև զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծական կարողություններն ու թիմային աշխատանքի հմտությունները։
Մասնագիտական միջավայրում ծավալված ակտիվ քննարկումներն ու փորձի փոխանակումը նպաստեցին երիտասարդների գիտական հետաքրքրությունների ընդլայնմանը, նոր ակադեմիական կապերի ձևավորմանն ու հետագա համագործակցության հնարավորությունների ստեղծմանը։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՊՄՀ-ի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր։ Եռօրյա ամառային դպրոցին ՀՊՄՀ ուսանողների մասնակցությունն իրականացվեց գիտակրթական ոլորտում ձևավորված համագործակցության շրջանակում՝ նպաստելով երկու հաստատությունների միջև գործնական կապերի ամրապնդմանն ու երիտասարդների մասնագիտական զարգացմանը։
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։