ՀՊՄՀ-ն՝ DeSIRe ծրագրի միջազգային գործընկերների հերթական հանդիպմանը
27.07.2026
Հուլիսի 21-22-ը ՀՊՄՀ պատվիրակությունը մասնակցեց Erasmus+ CBHE DeSIRe («Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում փափուկ հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան») ծրագրի Տարածաշրջանային իրազեկման օրերին և գործընկերների 6-րդ համակարգման հանդիպմանը։
Վրաստանի Բաթումի Շոթա Ռուսթավելի անվան պետական համալսարանում կայացած միջոցառումը համախմբել էր Հայաստանի, Վրաստանի և Եվրոպական միության գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին՝ ամփոփելու ծրագրի իրականացման արդյունքները, գնահատելու մշակված մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) փորձնական ներդրման արդյունքները, քննարկելու դրանց կատարելագործման ուղղությունները, ինչպես նաև ծրագրի արդյունքների կայունության ապահովման հետագա քայլերը։
Տարածաշրջանային իրազեկման օրվա ընթացքում ներկայացվեցին փորձնական փուլի արդյունքները, եվրոպացի փորձագետների գնահատականներն ու առաջարկությունները, ինչպես նաև գործընկեր համալսարանների կողմից իրականացված բարելավումները։
ՀՊՄՀ պատվիրակության անդամները ներկայացրին համալսարանում փորձարկված մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների ներդրման փորձը, եվրոպացի գործընկերների դիտարկումների հիման վրա կատարված փոփոխություններն ու զարգացման հետագա ուղղությունները։
Համալսարանները ներկայացրին նաև Փափուկ հմտությունների լաբորատորիաների զարգացման ճանապարհային քարտեզները՝ քննարկելով դրանց կայուն գործունեության ապահովման և հետագա զարգացման հնարավորությունները։
Համակարգման հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ավարտական փուլի առանցքային հարցերը՝ աշխատանքային փաթեթների իրականացման ընթացքը, մեթոդական ձեռնարկների վերջնականացումը, զանգվածային բաց առցանց դասընթացների մշակման ուղեցույցի հրապարակումը, ինչպես նաև ծրագրի տարածման և արդյունքների շահագործման գործողությունները, միջհամալսարանական համագործակցության ցանցի ձևավորումն ու արտաքին շահակիցների հետ համագործակցության ընդլայնումը։
ՀՊՄՀ-ն, որպես ծրագրի գործընկեր և հոկտեմբերին կայանալիք եզրափակիչ համաժողովի հյուրընկալող համալսարան, ներկայացրեց նաև 2026 թվականի հոկտեմբերի 8–9-ը համալսարանում նախատեսվող DeSIRe ծրագրի եզրափակիչ համաժողովի ձևաչափն ու գործընկերների մասնակցության շրջանակները։
Ինչպես նշեցին ՀՊՄՀ պատվիրակության անդամները, Բաթումում անցկացված միջոցառումներին մասնակցությունը հնարավորություն տվեց ամփոփելու ծրագրի արդյունքները, համադրելու գործընկերների փորձը, համաձայնեցնելու ավարտական գործողությունները և նախանշելու DeSIRe ծրագրի արդյունքների երկարաժամկետ կիրառման ու կայունության ապահովման հաջորդ քայլերը։