Համագործակցության նոր հնարավորություններ հայագիտության ոլորտում
12.08.2026
Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Մխիթար Գոշի անվան Հայագիտական կենտրոնի Ծրագրայի խորհրդի նախագահ, Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի և Լեհաստանի Յագելոնյան համալսարանի Սադոկ Բարոնչի անվան Հայագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ կրթական ծրագրերի և դասընթացների մշակումը, գիտահետազոտական համագործակցության զարգացումը, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ ակադեմիական միջոցառումների կազմակերպումը։
Կողմերը կարևորել են համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը և պայմանավորվել են առաջիկայում մշակել և կնքել համագործակցության հուշագիր, որը կնախանշի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ուղղությունները և կապահովի համատեղ նախաձեռնությունների հետևողական իրականացումը։
Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսի շրջանակներում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության պատրիարքական փոխնորդ և Զմմառի վանքի մեծավոր, գերապայծառ Հայր Մաշտոց Թագադիր Ծայրագույն Վարդապետ Զահթէրեանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանի և Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանի միջև հայագիտական, կրթական և գիտահետազոտական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ կրթական ծրագրերի և դասընթացների մշակումը, գիտահետազոտական նախագծերի իրականացումը, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Զմմառի վանքի հարուստ ձեռագրական, գրադարանային և մշակութային ժառանգության ուսումնասիրման հնարավորություններին։ Կարևորվել է նաև ուսանողների և հետազոտողների համար Զմմառի գիտակրթական և մշակութային ներուժի հասանելիության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակցության հիմնական ուղղությունները համագործակցության հուշագրով ամրագրելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով ձևավորել երկարաժամկետ և արդյունավետ գործընկերություն՝ ի նպաստ հայագիտության զարգացման, հայկական մշակութային ժառանգության պահպանման և նոր սերնդի հայագետների պատրաստման։