Համագործակցությունը Պորտոյի համալսարանի հետ շարունակական կլինի
01.12.2025
Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանի գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ Սուսաննա Մուրադյանը և Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էին Պորտուգալիայի Պորտոյի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Այցը կազմակերպվել էր միջազգային Էրազմուս+ ծրագրի դասավանդման շարժունակության (teaching mobility) շրջանակում։
Այս նախաձեռնությունը միտված է խթանելու երկու հաստատությունների միջև միջազգային համագործակցությունը, նպաստելու ծրագրերի բովանդակության զարգացմանը, ինչպես նաև ապահովելու Պորտոյի համալսարանի ուսանողների համար տարբեր դասավանդման մեթոդների և ոլորտի արդի հետազոտությունների հասանելիություն։ Շարժը կարևոր դեր ունի ինչպես ՀՊՄՀ, այնպես էլ Պորտոյի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգայինացման և արդիականացման ռազմավարությունների իրականացման գործում։ Այս ակադեմիական համագործակցությունը նպաստում է ավելի ինտեգրված բարձրագույն կրթության համակարգի ստեղծմանը՝ համահունչ եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նպատակներին։
ՀՊՄՀ –ի համար նման շարժունակությունը հնարավորություն է արժեքավոր միջազգային փորձ ձեռք բերելու, բարձրացնելու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ճանաչելիությունը և հարստացնելու ուսումնական ծրագրերը միջազգային բաղադրիչներով։ Այն խթանում է արդյունավետ փորձի փոխանակումը դասավանդման, հետազոտական աշխատանքի ոլորտներում՝ հիմք դնելով համատեղ հետազոտական նախաձեռնությունների և ապագա գործընկերությունների համար։
Այցի ընթացքում իրականացվել են՝ դասախոսություններ, որտեղ ներկայացվել են ոլորտի արդի մոտեցումները, տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ Պորտոյի համալսարանի կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ մեթոդոլոգիական մոտեցումների համեմատման, գաղափարների փոխանակման և ակադեմիական երկխոսության խթանման նպատակով։
Պորտոյի պոլիտեխնիկական ինստիտուտի գործընկերների հետ համագործակցությունը մասնագիտական զարգացման արժեքավոր հնարավորություն է՝ նորարար դասավանդման մեթոդաբանությունների և նոր ակադեմիական միջավայրերի հետ ծանոթանալու տեսանկյունից։
Հանդիպումների ընթացքում քարտեզագրվեցին համագործակցության հնարավորությունները հատուկ և ներառական կրթության, ինչպես նաև հատուկ հոգեբանության ոլորտներում՝ նախատեսելով համատեղ հետազոտական նախագծերի և ծրագրերի առաջմղում։ Կողմերի միջև համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է, և հաջորդ տարի նախատեսվում է Պորտոյի համալսարանի կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի այցը ՀՊՄՀ։
Վերջին հրապարակումներ
-
01.12.2025Կայացավ Բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստը