Ուսանողները՝ պրոֆեսիոնալ բեմում
03.12.2025
ՀՊՄՀ Հեռուստառեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները Շենգավիթի Պատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների հետ Տիկնիկային թատրոնի բեմում էին․ հանդիսատեսի դատին հանձնեցին «Անունդ ի՞նչ է» ներկայացումը։
Բեմադրության ռեժիսոր, ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը հերոսներին ներկայացրել էր իրական կյանքի և աղբավայրի բնակիչների հակադրության մեջ։
Առաջին հայացքից թվում է, թե իրականում աղբավայրի անտուն մարդիկ ավելի ուրախ են, քան ներկայացման գլխավոր հերոս երիտասարդը, որը սեր է փնտրում և իրական կյանքում չգտնելով այն, մի աղջկա հետ, որի անունն անգամ չգիտի, եկել է աղբավայր։
Աղջիկն էլ չի հասկանում՝ ինչո՞ւ են հանդիպում աղբավայրում․ սկզբում նա խորշում է շրջապատի կեղտից ու մարդկանցից, սակայն աստիճանաբար հաշտվում է այդ իրականության հետ։
Հետաքրքիր է նաև այն, որ թշվառ աղքատության մեջ անտուն թափառականների միջավայրն ավելի ուրախ է, քան դրսի աշխարհի մարդկանց միջավայրը։ Երիտասարդ տղան հիասթափվել է աշխարհից ու անիմաստ երազելուց, նրան տանջում են բազմաթիվ մտքեր, ինչպես, օրինակ, ինչո՞ւ են մարդիկ վախենում սիրել։
Պարային աշխույժ նոտաներով երաժշտական ներկայացումն առօրյա կյանքի ստվերոտ ու տխուր կողմերի ոչ միայն քննադատությունն է, այլև նրա վառ արտացոլումը։ Կյանքից դուրս մնացած մարդկանց աշխարհում և՛ տարօրինակ տխրություն կա, և՛ շինծու ուրախություն, բայց նաև մի տեղից «թռցրած» հացը միասին կիսելու համերաշխություն։