Լույս ու ստվերը՝ լուսանկարչական ցուցահանդեսում
04.03.2026
Մանկավարժական համալսարանում ամփոփվեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Լույս ու ստվեր» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը։
36 մասնակից, 120 լուսանկար․ ներկայացված աշխատանքների հեղինակները «Գեղարվեստական լուսանկարչություն» բաժնի ուսանողներն ու շրջանավարտներն են։
Կուլտուրայի ֆակուլտետի, ամբիոնի ղեկավար և դասախոսական կազմը կարևորեցին ցուցահանդեսի անցկացումը՝ ընդգծելով, որ հաշվետու ձեռնակը հնարավորություն է տալիս ներկայացնել ուսանողների տեսական կարողությունները, տեխնիկական գիտելիքները, իսկ լուսանկարների թեմատիկան, խորությունը մեկ անգամ ևս ապացուցում են, որ վերջին տասնամյակում մասնագիտությունը բուհում մեծ վերելք է ապրել։
Դասախոս Արմեն Խաչատյանն ընդգծեց՝ ցուցահանդեսը օնլայն դիտման միջոցով հասանելի է լայն շրջանակներին` ՀՊՄՀ Google Site Photo Gallery-ում՝ QR կոդով։ Ցուցահանդեսը, ի դեպ, պարբերաբար օնլայն հարթակում հարստացվում է նոր լուսանկարներով:
«Գեղարվեստական լուսանկարչություն» բաժնի ուսանող Աննա Ստեփանյանը «Լույս ու ստվեր» խորագրով ցուցահանդեսին ներկայացրել է 8 լուսանկար․ նկատում է՝ սև ու սպիտակ գործերը, որ համարվում են պարզ հակադրություն, իրենց գործերում արտացոլում են այլ գույներ, մարդկային արժեքներ, որոնք պետք է տեսնել և ոչ թե նայել։
Ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզինկյանը:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկա էին նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի և Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջների «Լուսանկարչական գործ» բաժնի ուսանողները, հյուրեր։
«Լուսանկարը պարզապես կադր չէ, այն պահի պահպանումն է, էմոցիայի փոխանցումը, պատմության ստեղծումը, ստեղծագործական որոնումների արտահայտումը, և լուսանկարիչը, կոճակը սեղմելով, աշխարհին է բացում իր ներքին աշխարհը»,-այսպիսին էր ցուցահանդեսին ներկա հյուրերի արձագանքը, որոնք կարևորեցին միջոցառումը՝ մտածողության, զգալու ունակությունը, գեղագիտական ճաշակը զարգացնելու, աշխարհը յուրովի տեսնելու, նոր գույներ և լույսեր տեսնելու տեսանկյունից նաև։
Վերջին հրապարակումներ
-
17.04.2026Բաց դռների օր՝ Մանկավարժականում
-
17.04.2026Ապրիլը՝ գիտության ամիս ՀՊՄՀ-ում