Թանգարանային պրակտիկան՝ մասնագիտական ձևավորման կարևոր փուլ

13.03.2026
Թանգարանային պրակտիկան՝ մասնագիտական ձևավորման կարևոր փուլ

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության ամբիոնի ուսանողների մասնագիտական պատրաստության կարևոր բաղադրիչներից է ուսումնական պրակտիկան, որն իրականացվում է բուհի  Պատմության թանգարանում։

 

Այն հնարավորություն է տալիս  ուսանողների տեսական գիտելիքները համադրել գործնական փորձի հետ, ծանոթանալ թանգարանային աշխատանքի տարբեր ոլորտներին։

 

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցում են թանգարանի հիմնական գործառույթներին․ծանոթանում են ֆոնդերի համալրման, հաշվառման, պահպանության և գիտական ուսումնասիրության գործընթացներին։

 

Բացի այդ, նրանք հնարավորություն են ստանում ուսումնասիրելու թանգարանային առարկաների հավաքագրման սկզբունքները, ֆոնդային աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններն ու մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։

 

Ուսանողների ուսուցման կարևոր ուղղություններից է նաև թանգարանային ցուցադրության կազմակերպման գործընթացը։ Պրակտիկանտները ծանոթանում են ցուցադրությունների ստեղծման սկզբունքներին, ցուցանմուշների ընտրության և ներկայացման ձևերին, ինչպես նաև ցուցադրության գիտական և գեղարվեստական ձևավորման առանձնահատկություններին։

 

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այցելուների հետ աշխատանքի կազմակերպմանը։ Ուսանողները մասնակցում են էքսկուրսիաների նախապատրաստմանն ու անցկացմանը, ծանոթանում թանգարանային կրթական ծրագրերի մշակման և իրականացման մեթոդներին։ Այս գործընթացը նրանց օգնում է հասկանալու թանգարանի կրթադաստիարակչական դերը և թանգարանային հաղորդակցության արդյունավետ ձևերը տարբեր լսարանների հետ աշխատանքի ընթացքում»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց  ՀՊՄՀ Պատմության  թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։

 

Նա պրակտիկայի կարևոր բաղադրիչներից է համարում նաև ծանոթությունը Երևանի այլ թանգարանների գործունեությանը։

 

Համալսարանի Պատմության թանգարանի տնօրեն, Հայաստանի Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ Ալվարդ Գրիգորյանի նախաձեռնությամբ և Մանկավարժական համալսարանի շրջանավարտների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ուսանողների այցելություններ Երևանի մի շարք թանգարաններ։

 

Ալվարդ Գրիգորյանի դիտարկմամբ՝  այցերն ուսանողներին հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու տարբեր թանգարանների աշխատանքային փորձին, ցուցադրությունների կազմակերպման տարբեր մոտեցումներին, ինչպես նաև թանգարանների կրթական և մշակութային ծրագրերին։ Արդյունքում ուսանողները ստանում են ավելի ամբողջական պատկերացում թանգարանային համակարգի գործունեության մասին և ձեռք են բերում մասնագիտական կարևոր հմտություններ։