ՀՊՄՀ-ն ընդլայնում է համագործակցությունը հանրակրթության ոլորտում

17.06.2026
ՀՊՄՀ-ն ընդլայնում է համագործակցությունը հանրակրթության ոլորտում

Այսօր Մանկավարժական համալսարանի և Երևանի Ն. Գոգոլի անվան N 35 հիմնական դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը։

Հուշագրի նպատակն է խորացնել բուհ-դպրոց համագործակցությունը՝ նպաստելով սովորողների ուսումնառական և հետազոտական կարողությունների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև կրթական գործընթացում ԲՏՃՄ ոլորտի ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաների և նորարարական մեթոդների ներդրմանը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել համատեղ սեմինարներ, դասախոսություններ, նախագծային աշխատանքներ, փորձի փոխանակման հանդիպումներ և կրթական այլ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն կրթության որակի բարձրացմանն ու կրթական միջավայրի արդիականացմանը։

Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց դպրոց-բուհ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ հանրակրթության ոլորտում առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման համար անհրաժեշտ է քարտեզագրել խնդիրներն ու մշակել դրանց լուծմանն ուղղված ծրագրեր։

Կողմերը քննարկեցին նաև դպրոցում մանկավարժական պրակտիկայի դերի բարձրացմանը և գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված քայլերը՝ կարևորելով ուսանողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը, տեսական գիտելիքների գործնական կիրառումն ու դպրոցական միջավայրում արդյունավետ ներգրավվածությունը։