Մոտիվացիայից մինչև «հոսք»․ հանդիպում՝ «Գլուխ գլխի» հարթակում
16.06.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ «Գլուխ գլխի» խորագրով համագործակցության հարթակի հերթական հանդիպումը, որի շրջանակում քննարկվեցին կրթական գործընթացում մոտիվացիայի և հոգեկան առողջության փոխկապակցվածության հարցեր։
Բանախոսը «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրերի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանն էր։ Նա ներկայացրեց «Մոտիվացիա և հոգեկան առողջություն» թեման։
Հանդիպման սկզբում բանախոսն անդրադարձավ մոտիվացիայի հոգեբանական հիմքերին՝ ընդգծելով, որ այն ներառում է գործընթացների ամբողջություն, որոնք էներգիա են հաղորդում, ուղղորդում և կայունացնում են սովորողի վարքագիծը՝ ազդելով ոչ միայն ուսումնառության արդյունավետության, այլև անհատի ներգրավվածության, ինքնակարգավորման և հոգեբանական բարեկեցության վրա։
Ինտերակտիվ ձևաչափով հանդիպմանը Վահան Սարգսյանը ներկայացրեց նպատակային կողմնորոշման մի շարք օրինակներ, որոնք մասնակիցները քննարկեցին և վերլուծեցին՝ դիտարկելով դրանց ազդեցությունը սովորողի մոտիվացիայի ձևավորման վրա։
Բանախոսն անդրադարձավ նաև ամերիկացի հոգեբան Քերոլ Դուեքի աճի և ֆիքսված մտածելակերպի տեսությանը՝ ընդգծելով, թե ինչպես մտածելակերպը կարող է պայմանավորել սովորելու նկատմամբ վերաբերմունքը, մարտահրավերների ընկալումն ու զարգացման հնարավորությունները։
Անդրադառնալով «հոսքի» երևույթին՝ Վահան Սարգսյանը նշեց, որ այն առավել հաճախ ձևավորվում է այն իրավիճակներում, երբ մարդը գործունեության ընթացքում զարգացնում է վարպետության զգացում և լիարժեք ներգրավվածություն։
Նրա խոսքով՝ հոսքային վիճակը հիմնականում առաջանում է այն դեպքում, երբ անհատը ներառված է իր համար ոչ չափազանց դժվար, ոչ էլ չափազանց հեշտ իրավիճակներում՝ ապահովելով հավասարակշռություն կարողությունների և առաջադրված պահանջների միջև։
Բանախոսն իր ելույթում ներկայացրեց նաև ինքնորոշման տեսությունը՝ անդրադառնալով ներքին և արտաքին մոտիվացիայի ձևավորման մեխանիզմներին, ինչպես նաև մի շարք կարևոր ռազմավարություններ, որոնք կարող են նպաստել սովորողների ներգրավվածության բարձրացմանը, ուսումնական գործընթացում առավել արդյունավետ մասնակցությանը։
Ի դեպ, «Գլուխ գլխի» մտքի փոխանակման հարթակի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման արդյունավետ միջավայր։
Հարթակի հանդիպումները բարձր մասնագիտական մակարդակով վարելու, մասնակիցների ակտիվ ներգրավվածությունն ապահովելու, ինչպես նաև արժեքավոր գիտելիքների և փորձի տարածմանն ու փոխանակմանը նպաստելու համար հավաստագրեր հանձնվեցին նախորդ երեք հանդիպումների բանախոսներին։
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց նաև «Կրթության նորարար կառավարում և կազմակերպում» թեմայով վերապատրաստման ծրագրի մասնակից տնօրեններին՝ կարևորելով կառավարման ժամանակակից մոտեցումների յուրացումն ու կրթական համակարգում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը։