Հայ-իրանական համագործակցության նոր հնարավորություններ՝ ՀՊՄՀ-ում
17.06.2026
Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մոհավեդին։
Նա հանդիպում ունեցավ համալսարանի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացումը, լեզվակրթական համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև գիտակրթական և մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հյուրին ներկայացրեց համալսարանի զարգացման առաջնահերթությունները և ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանը մշտապես բաց է միջազգային համագործակցության համար և պատրաստակամ նպաստելու Հայաստանում պարսկերենի դասավանդման մեթոդաբանության զարգացմանն ու փորձի փոխանակմանը։
Լիլիթ Մկրտչյանը նշեց նաև, որ Մանկավարժական համալսարանն ունեցել է հայցորդներ Իրան Իսլամական Հանրապետությունից, ինչը վկայում է կրթական փոխգործակցության անհրաժեշտության մասին, իսկ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի շրջանակում բուհում վերապատրաստվել է իրանցի 10 ուսուցիչ։
Ռեկտորի պաշտոնակատարը հնարավոր համարեց համագործակցությունը ոչ միայն լեզվի ուսուցման, այլև պատմության դասավանդման մեթոդաբանության մշակման, կրթական նոր մոտեցումների ներդրման և միջմշակութային հաղորդակցության զարգացման ուղղություններով։
Մոհամադ Ասադի Մոհավեդը կարևորեց Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության մեկնարկը՝ նշելով, որ այն գուցե փոքր-ինչ ուշացած է, սակայն ունի մեծ հեռանկար։
Նա հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նպաստել Հայաստանում պարսկերենի դասավանդման ոլորտում առկա խնդիրների լուծմանը։
Խորհրդականի խոսքով՝ ներկայում Հայաստանում շուրջ 4500 աշակերտ սովորում է պարսկերեն, սակայն ոլորտի հիմնական մարտահրավերներից է համապատասխան մասնագետների և պարսկերեն դասավանդող ուսուցիչների սահմանափակ քանակը։
Նա կարևորեց Մանկավարժական համալսարանի մասնագիտական ներգրավվածությունը՝առաջարկելով համալսարանի դասախոսական կազմի մասնակցությամբ զարգացնել պարսկերենի դասավանդման մեթոդաբանությունը։
Մոհամադ Ասադի Մոհավեդը նաև նշեց, որ իրանական կողմը պատրաստակամ է ներգրավել հրավիրյալ դասախոսների և կազմակերպել վերապատրաստումներ՝ նպաստելով ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին կրթամշակութային համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ կարևորելով փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը և կրթության ոլորտում գործընկերության ձևավորումը։