Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» միջոցառմանը

02.04.2026
Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» միջոցառմանը

Մարտի 23-27-ը ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին  Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Ավեյրոյի համալսարանում  կայացած «Միջազգային շաբաթ» խորագրով միջոցառմանը։

 

Պատվիրակության  կազմում էին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության գծով դեկանի տեղակալ Սուսաննա Մուրադյանը, Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Վերա Մարուքյանը, ինչպես նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի դոցենտներ Մարիաննա Ամիրաղյանը և Արմինե Դալլաքյանը։


Այցի ընթացքում նրանք անցկացրին դասախոսություններ, մասնավորապես՝ հատուկ և ներառական կրթության արդի հիմնախնդիրների, ներառական կրթության կազմակերպման մեխանիզմների, կրթության մատչելիության ապահովման մոտեցումների, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կրթության և սոցիալական ներառման արդյունավետ ռազմավարությունների, ինչպես նաև ՀՀ-ում նախադպրոցական կրթության կազմակերպման առանձնահատկությունների,  երեխայի իրավունքների պաշտպանության մասին։

 

Դասախոսությունները հնարավորություն տվեցին Ավեյրոյի համալսարանի ասպիրանտներին ներկայացնել հայկական փորձը, առկա մարտահրավերներն ու ձեռքբերումները,  միաժամանակ ծանոթանալ եվրոպական լավագույն փորձին և նորարարական մեթոդներին, քննարկել արդի խնդիրներն ու մոտեցումները՝  ստեղծելով բաց ու հետաքրքիր գիտական երկխոսություն։

 

Այցը խթանեց նաև ակադեմիական համագործակցությանը, փորձի փոխանակմանը,  երկու համալսարանների միջև կրթական նորարարությունների տարածմանը, ստեղծվեցին նոր մասնագիտական կապեր, ամրապնդվեց առկա գործընկերությունը, քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման, գիտահետազոտական նախաձեռնությունների զարգացման և ապագա փոխանակման հնարավորությունները։


Ինչպես նկատեցին մասնակիցները՝  այցը նպաստեց ոչ միայն մասնագիտական փորձի փոխանակմանը, այլև ՀՀ կրթական համակարգի, մշակույթի և ակադեմիական ներուժի արժանապատիվ ներկայացմանը միջազգային հարթակում։ Նրանք  հնարավորություն ունեցան ներկայացնելու Մանկավարժական համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը, գիտահետազոտական ուղղությունները, ինչը կարևոր նախադրյալ է համալսարանի միջազգային տեսանելիության բարձրացման համար։

 

Աշխատանքային այցը նաև հիմք ստեղծեց հետագա համագործակցության համար՝ նպաստելով ինչպես կրթության որակի բարձրացմանը, այնպես էլ Ավեյրոյի համալսարանի և ՀՊՄՀ-ի միջև համատեղ գիտակրթական նախաձեռնությունների իրականացման համար։