Հայաստան-Ինդոնեզիա․կրթությունից դեպի գործընկերություն

25.08.2026
Հայաստան-Ինդոնեզիա․կրթությունից դեպի գործընկերություն

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը։

Բուհի ղեկավար, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում Սերոբ Բեջանյանը ներկայացրեց իր կրթական և մասնագիտական ուղին։

Շուրջ 30-ամյա փորձառությամբ Սերոբ Բեջանյանն անդրադարձավ նաև դիվանագետի աշխատանքի առանձնահատկություններին։ Նրա խոսքով՝ դիվանագետի առաքելությունն առաջին հերթին սեփական երկիրը ներկայացնելն է, ինչը մեծագույն պատասխանատվություն է պահանջում։

Դեսպանը կարևորեց նաև տարբեր երկրներում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացման, մարդկանց միջև կապերի ամրապնդման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում դիվանագիտական աշխատանքի դերը։

Ի՞նչը կարող կապել Հայաստանին և Ինդոնեզիային՝ աշխարհագրորեն այդքան հեռու երկու երկրների. ի պատասխան դեսպանը նկատեց՝ կրթությունը, գիտությունը, մշակույթն ու մարդիկ։

«Հայաստան-Ինդոնեզիա․հեռավորությունից դեպի գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում դեսպանը նախ ներկայացրեց Ինդոնեզիան՝ վիճակագրական տվյալներով, ապա անդրադարձավ երկրի բազմազանությանն ու միասնությանը, տնտեսական զարգացման հեռանկարներին, կրոնական ու մշակութային բազմազանությանը, ինչպես նաև տարբեր տարածաշրջանների առանձնահատկություններին։

Անդրադառնալով կրթությանը՝ Սերոբ Բեջանյանը նշեց, որ Ինդոնեզիայում կարևորում են սովորելը․կրթությունը դիտարկվում է որպես շարունակական գործընթաց, իսկ երկրի բազմաթիվ բարձր վարկանիշ և հեղինակություն ունեցող համալսարաններ կարևոր դեր ունեն ոչ միայն մասնագիտական գիտելիքի փոխանցման, այլև ազգային միասնականության և սոցիալական համերաշխության ամրապնդման գործում։

Դեսպանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առկա ընդհանրություններին՝ հին մշակութային ժառանգությանը, ուժեղ ազգային ինքնությանը, ընտանիքի և համայնքի կարևորությանը, կրթության նկատմամբ ընդգծված վերաբերմունքին և պատմական մարտահրավերները հաղթահարելու փորձին։

Նրա խոսքով՝ չնայած 50-ականներից հետո Ինդոնեզիայում հայկական համայնք այլևս չկա, բայց այստեղ շարունակում է մնալ հայկական հետքը․ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն առկա է և նկատելի։ Դեսպանատան մասնակցությամբ կազմակերպվող տարբեր միջոցառումների ընթացքում նկատել են՝ հասարակությունը հետաքրքրված է Հայաստանի պատմությամբ, մշակույթով, ապագայի տեսլականով, նույնիսկ առկա խնդիրներով։

Սերոբ Բեջանյանը խոսեց նաև Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների շուրջ 34-ամյա պատմության մասին։ Նրա խոսքով՝ 2016 թվականից երկու երկրների հարաբերությունների պաշտոնական օրակարգում ընդգրկվել են բարձրագույն կրթության և հետազոտության ուղղությունները, իսկ 2025 թվականից երկկողմ քննարկումներում կրկին ընդգծվել է կրթության և մշակույթի կարևորությունը։

Դեսպանի համոզմամբ՝ հաջորդ կարևոր քայլը համալսարանների, դասախոսների և ուսանողների միջև անմիջական համագործակցության զարգացումն է՝ ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ համագործակցությամբ։

Այս համատեքստում Մանկավարժական համալսարանն ունի իր ուրույն տեղը․ հնարավոր համագործակցության ուղղություններ կարող են լինել համատեղ գիտաժողովների և դասախոսությունների կազմակերպումը, փոքրաթիվ ուսանողական խմբերի փոխանակման ծրագրերի իրականացումը, համագործակցությունը շախմատի ոլորտում, հետազոտական նախագծերի մշակումը, ինչպես նաև ինդոնեզական համալսարանի հետ համագործակցության հուշագրի կնքումը։

«Այսօրվա հանդիպումը կարող է դառնալ նոր կրթական կապերի առաջին քայլը»,- հավելեց Սերոբ Բեջանյանը։

Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ նաև Սինգապուրին՝ ներկայացնելով երկրի կրթական համակարգի առանձնահատկությունները։ Նա ընդգծեց, որ Սինգապուրում կրթության և գիտելիքի կարևորությունը ձևավորվում է դեռևս նախադպրոցական տարիքից։ Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվում ազգային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը։

Դեսպանի խոսքով՝ Սինգապուրի զարգացման հիմքում նաև հասարակության միասնականությունն ու ընդհանուր նպատակն է․ երկրի քաղաքացիներին միավորում է ուժեղ և զարգացած պետություն ունենալու տեսլականը։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ համալսարան այցելելու և ուսանողների ու դասախոսների հետ բովանդակալից հանդիպում ունենալու համար։ Նա ներկայացրեց ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բուհը, դրա մասնագիտական և կրթական լայն հնարավորությունները և ընդգծեց, որ համալսարանը պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով՝ ոչ միայն կրթության, այլև գիտահետազոտական և մշակութային ոլորտներում՝ միաժամանակ ընդլայնելով միջազգային գործընկերների շրջանակը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին դեսպանին, ներկայացրին իրենց տեսակետները Հայաստանի և Ինդոնեզիայի միջև հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։