Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ վարժարանի սաները բացահայտում են գրադարանային աշխարհը

21.04.2026
ՀՊՄՀ վարժարանի սաները բացահայտում են գրադարանային աշխարհը

Ապրիլի 13-ից Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը, որն այս տարի կրում  է  «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» խորագիրը։

 

Ծրագրի հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել դպրոցական գրադարանների կրթամշակութային դերին։

 

Այդ շրջանակներում վարժարանի հյուրն էր Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի հայալեզու գրականության բաժնի վարիչ Ստելլա Թարոյանը։

 

Հանդիպմանը մասնակցում էին վարժարանի հայոց լեզվի և գրականության հոսքի աշակերտները, որոնք ոչ միայն ունկնդիր էին, այլև միջոցառման ակտիվ դերակատարներ:

 

Ստելլա Թարոյանի կազմակերպած ինտերակտիվ հատուկ խաղի շնորհիվ վերահաստատվեց՝ որ վարժարանի սաներն ակտիվ ընթերցողներեն, որոնք քաջածանոթ են հայ և արտասահմանյան գրականությանն ու մշակութային արժեքներին:

 

Ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն տվեց աշակերտներին նորովի ընկալել գրադարանային միջավայրը՝ որպես նորարարական հարթակ:

 

Ապագա բանասերներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մասնագետին՝ քննարկելով գրադարանային գործի զարգացման հեռանկարներն ու գրքի դերը ժամանակակից աշխարհում:

 

Հանդիպման ընթացքում Ստելլա Թարոյանը նաև մասնագիտական արժեքավոր խորհուրդներ տվեց աշակերտներին՝ կողմնորոշվելու ժամանակակից գրականության հարուստ ընտրանու մեջ։


Նա առանձնացրեց մի շարք արդի հեղինակների և ստեղծագործություններ, որոնք այսօր մեծ հետաքրքրություն են վայելում ընթերցողների շրջանում՝ հորդորելով երիտասարդներին միշտ հետամուտ լինել որակյալ գրականությանը։

 

Միջոցառման ավարտին վարժարանի անձնակազմն ու աշակերտներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին հյուրին՝ բովանդակալից այցի, փորձի փոխանակման և դպրոցականների մեջ ընթերցանության հանդեպ նոր ոգևորություն սերմանելու համար։

 

Գրադարանային շաբաթը, սակայն, այսքանով չավարտվեց վարժարանականների համար։ Ծրագրի շրջանակում  անգլերենի հոսքի սաները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, որտեղ մասնակցեցին  Լիա Ասլանյանի «Քաղաքը փնտրելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:
Աշակերտները բացառիկ հնարավորություն ունեցան անմիջական շփվելու հեղինակի հետ, ունկնդրելու նրա ստեղծագործությունները, ծանոթանալու նորատիպ ժողովածուի բովանդակությանը:

 

Նմանատիպ այցելությունները ոչ միայն սեր են արթնացնում դեպի ժամանակակից պոեզիան, այլև աշակերտների համար բացահայտում են գրադարանը՝ որպես կենդանի մշակութային երկխոսության և գրական հանդիպումների անփոխարինելի վայր: