Կոթողային աշխատություն՝ պարային ժառանգության մասին
22.04.2026
Հայաստանի պատմության թանգարանում կայացավ պատմական գիտությունների դոկտոր, ռեժիսոր-պարուսույց, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Լիսիցյանի՝ «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» մենագրության 2-րդ հատորի շնորհանդեսը։
Հիմնարար և կոթողային մեծարժեք աշխատությունը նվիրված է հայ ժողովրդի մշակույթի կարևոր ուղղություններին՝ պարային, բառային և երաժշտական արվեստներին։ Այն հայ ժողովրդի բազմադարյա արվեստի՝ 19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբը ժողովրդի մեջ պահպանված հայկական ժողովրդական պարերի և թատերական ներկայացումների ժառանգության ընդգրկուն եռահատոր ուսումնասիրություն է, որը հիմնականում կատարվել է անձամբ հեղինակի հավաքած կենդանի, հարուստ նյութի հիման վրա և անվիճելի ներդրում է հայ ժողովրդի պարարվեստի, արվեստաբանության և ազգագրության մեջ։
Շնորհանդեսին ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, պարարվեստի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ։
Բացառիկ աշխատության ինչպես առաջին, այնպես էլ գրքի երկրորդ հատորը նվիրված է հայ ժողովրդի հինավուրց խմբապարերի նկարագրությանն ու վերլուծությանը՝ դասակարգված ըստ բովանդակության ու ձևի և ըստ պարային ֆիգուրի բարդացման կարգի։
Երկրորդ հատորի հայերեն թարգմանության հրատարակությունը ծնունդ է առել Հակոբ Սողոմոնյանի բացառիկ թարգմանությամբ, իսկ գրքի ամբողջական աշխատանքները համակարգել և խմբագրել է ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը։
Ներկաները բարձր գնահատեցին հայ ժողովրդի հազարամյակների ընթացքում ստեղծած պարային ժառանգության մասնագիտական, պարագիտական և մշակութագիտական արժեք ներկայացնող երկհատորյակի հայերեն տպագրությունը, ընդգծելով՝ գիրքը լրացնելու է այն բացը, որ մինչ օրս ուներ հայ պարագիտությունը, ազգագրությունը և հատկապես՝ հայ պարուսույց-մանկավարժն ու բեմադրիչը:
Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հետ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ մեկ անգամ ևս արժևորել մեր մեծերից մեկի վաստակը՝ կարևոր հրատարակությամբ, որն իր նորարարությամբ և գիտական հիմքերով կարևոր աղբյուր կդառնա պարարսվեստը շարունակողների, հետազոտողների համար։
Գրքի թարգմանիչ, գրող-հրապարակախոս Հակոբ Սողոմոնյանը երկրորդ հատորի կարևոր առանձնահատկություններից մեկը համարեց այն, որ մանրամասն շարադրվում է սեռատարիքային միությունների, անդամների գործառույթները՝ ըստ սեռի ու տարիքի, ինչպես նաև նրանց մասնակցությունը տոներին, ծեսերին, թատերական ներկայացումներին՝ ցույց տալով համայքների ինքնակազմակերպումը։
Հակոբ Սողոմոնյանը Սրբուհի Լիսիցյանի աշխատանքը համեմատեց Կոմիտասի գործունեության հետ՝ պարարվեստում։
Աշխատության աղբյուրագիտական և հայագիտական արժեքի մասին խոսեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանը, իսկ անվանի կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը ներկայացրեց գրքի բացառիկ տեղն ու դերը, առհասարակ, հայոց մշակութային գիտակցության մեջ։
Բանախոսները բարձր գնահատեցին նաև ՀՊՄՀ պրոֆեսոր Կարեն Գևորգյանի դերը, որը տասնամյակներ շարունակ հավաքագրել է ավելի քան 500 պար և անկախ դժվարություններից՝ տպագրության հասցրել նաև կոթողային այս աշխատությունը։
«Պարը մշակութային այն արժեքն է, որի շնորհիվ հայ ժողովուրդը կլարողացել է ամրակայել իր ազգային խառնվածքն ու հավաքական նկարագիրը։ Դա է պատճառը, որ մեր ոգեղենիկ պարերը հասել են մեզ Սրբուհի Լիսիցյանի, Վահրամ Արիստակեսյանի միջոցով՝ որպես միասնականության խորհուրդ։ Վերջապես իրականություն դարձավ պարուսույցների, պարուսույց-մանկավարժների, բալետմայստերների, պարագետների, պարահավաքների երազանքը։ Լիսիցյանը ոչ միայն հավաքել, փրկել է հարյուրավոր պարեր, այլ իր պարագիտական, մշակութաբանական, գիտական ուսումնաիրությունների արդյուքնում մեզ է փոխանցել պարի ամբողջական հենքը »,-գրքի շնորհանդեսին նշեց Կարեն Գևորգյանն ու մեկ անգամ ևս արժևորեց մշակութային գանձարանում իր ուրույն տեղն ունեցող էթնոպարագիտության հիմնադիր, պարարվեստի երախտավոր Սրբուհի Լիսիցյանի հսկայածավալ աշխատությունը։
Կարեն Գևորգյանը խոսեց գրքի հրատարակման դժվարությունների մասին, սակայն, հպարտությամբ նշեց՝ աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի նմանօրինակ պարի եռահատոր Աստվածաշունչ, որն ամբողջականորեն նկարագրում է մեր ժողովրդի շարժողական համակարգը։
Ի դեպ, միջոցառումը խորհրդանշական էր․ներկաներն ականատես եղան ՀՊՄՀ ուսանողների կողմից վերծանված պարային բացառիկ նմուշների, որոնք վերակենդանացել էին Սրբուհի Լիսիցյանի գրքի երկրորդ հատորից:
Վերջին հրապարակումներ
-
22.04.2026Քննարկվեց հնարավոր համագործակցությունը
-
22.04.2026Ի նպաստ՝ երիտասարդ անհատների զարգացմանը