Միջոցառումների շարք՝ նվիրված գիտությանը
23.04.2026
Նանսենյան ժառանգության նշանակությունը՝ կրթական գործընթացում
Սկզբնական կրթության wu Պատմության և հասարակագիտության ֆակուլտետների համագործակցությամբ կազմակերպվել էր նորվեգացի նշանավոր մարդասեր, գիտնական և դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված ֆիլմի դիտում-քննարկում։
Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի ներկայացուցիչները, որոնք իրենց ներկայությամբ առավել ընդգծեցին հանդիպման կարևորությունն ու նշանակությունը։
Ֆիլմի դիտմանը հաջորդեց բովանդակալից քննարկում, որն անցկացվեց ֆոկուս խմբերում․ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողները «Նանսենը պատմության մեջ» թեմայի շրջանակներում ներկայացրին նրա դերը համաշխարհային պատմության և հատկապես հայ ժողովրդի ճակատագրում։
Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները քննարկեցին «Նանսենը որպես արժեքների ուսուցման օրինակ» թեման՝ առաջարկելով մեթոդներ և մոտեցումներ, թե ինչպես կարելի է նրա գործունեությունը դարձնել ուսուցման արդյունավետ նյութ։
Միջոցառումը կարևոր հարթակ դարձավ տարբեր մասնագիտություններով սովորող ուսանողների միջև փորձի փոխանակման, համատեղ վերլուծության և գաղափարների ձևավորման համար՝ մեկ անգամ ևս ընդգծելով Նանսենի ժառանգության արդիականությունն ու նշանակությունը կրթական գործընթացում։
Քննարկվեցին ՄԳՇ տպագրության խնդիրներն ու հեռանկարները
Գիտության ամսվա շրջանակում Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի միջոցառումը նվիրված էր միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հոդվածների տպագրության խնդիրներին և հեռանկարներին։
Սեմինար-քննարկումը վարում էր ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը։ Նա ընդգծեց՝ միշտ չէ, որ գիտնականների նախասիրություններն ու միջազգային շտեմարանների ակնկալիքները համընկնում են․ երբեմն առաջանում են տպագրվելու դժվարություններ։ Քնարիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ գիտնականներին կհաջողվի գտնել հնարավոր լուծումներ, որոնց արդյունքում կապահովվի հայագիտության պատշաճ ներգրավվածությունը միջազգային հարթակներում։
Քննարկմանը մասնակցում էին թիրախային խմբերի՝ ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ։
Ելույթներով հանդես եկան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ամբիոնի դոցնետներ Լուսինե Գալստյանը, Նաիրա Խաչատրյանը, Արմենուհի Մուրադյանը։ Հանդիպումն ամփոփեց Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը։
Կլոր սեղան-քննարկում՝ «Ուսանողի ինքնակրթության դերը մասնագիտական աճի գործընթացում»
Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Ուսանողի ինքնակրթության դերը մասնագիտական աճի գործընթացում» թեմայով։ Քննարկվեցին 21-րդ դարում ինքնակրթության կարևորությունը, «սովորել սովորելու» հմտությունը, ինչպես նաև ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության փոխկապակցվածությունը։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև ժամանակակից թվային գործիքներ և կրթական հարթակներ։
Ուսանողներն անդրադարձան ժամանակի կառավարման, մոտիվացիայի պահպանման և տեղեկատվական գրագիտության հարցերին։ Գործնական հատվածում կազմեցին իրենց «Ինքնազարգացման անհատական քարտեզը»՝ ձևակերպելով SMART նպատակներ առաջիկա ամիսների համար։
Տեսական սեմինարի շարք՝ Գիտության ամսվա շրջանակներում
Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնում մեկնարկել է տեսական սեմինարների շարք՝ «Քաղաքացիական հասարակության փոխակերպումների հիմնախնդիրը: Սոցիալ-փիլիսոփայական վերլուծություն» թեմայով։
Շարքի առաջին սեմինարը՝ «Քաղաքացիական հասարակության խնդիրները Հայաստանի արդի իրողություններում» թեմայով էր, զեկուցողը՝ ամբիոնի հայցորդ Դիանա Աղաբալյանը։
Նա ներկայացրեց իր կատարած հետազոտությունն ու դրա արդյունքները և ձևակերպեց մի շարք տեսական և գործնական եզրահանգումներ՝ կարևորելով ինստիտուցիոնալ աջակցման մեխանիզմների զարգացումը, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, քաղաքացիական արժեքների և սոցիալական կապիտալի ամրապնդումը։
Զեկուցմանը հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրեցին մի շարք հարցեր՝ կապված քաղաքացիական հասարակության դերակատարության, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի ներկա քաղաքական և սոցիալական պայմաններում դրա զարգացման հեռանկարների մասին։
Միջոցառում՝ նվիրված Երկրի օրվան
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը կազմակերպել էր կրթական և բնապահպանական միջոցառում՝ նվիրված Երկրի օրվան:
Միջոցառումը կարևոր էր նաև բուհ-դպրոց համագործակցության շրջանակում:
Բնության գրկում, Հրազդան գետի հովտում միջոցառման մասնակիցները՝ Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցի աշակերտներն ու Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները ներկայացրին կենսաբազմազանությանը սպառնացող գլխավոր վտանգները, դրա փխրուն հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը, խոսեցին Երկիր մոլորակի օրվա նախապատմության մասին։
Բնության գրկում կատարվեցին նաև եղանակի դիտարկումներ, քամու արագության և օդի հարաբերական խոնավության չափումներ: Աշակերտները ներկայացրին նաև կլիմայական արկղիկն ու վերլուծեցին կլիմայի փոփոխությունների հետևանքները մեր մոլորակի համար:
«Այս օրը հիշեցում է, թե որքան կարևոր է սիրել, պահպանել և արժևորել մեր մոլորակը։ Մեր ամեն քայլը կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ լինի դա ջրի խնայողություն, ծառերի տնկում, թե աղբի տեսակավորում»,- նշեց դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը։
Վերջին հրապարակումներ
-
23.04.2026ՀՊՄՀ-ն՝ ԻԿՕՄ անդամ
-
23.04.2026Համագործակցություն՝ թանգարանային ոլորտում