Համագործակցություն՝ թանգարանային ոլորտում
23.04.2026
Այսօր եռակողմ հուշագիր կնքվեց ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի և «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ի միջև։
Համագործակցության հուշագիրը ստորագրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն ու թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը։
Համագործակցության առանցքում ՀՊՄՀ Պրակտիկայի և կարիերայի կենտրոնի ծրագրերն են։ Կողմերը նպատակ ունեն իրականացնել տարբեր ծրագրեր և նախագծեր։
Հուշագրի համաձայն՝ բուհը կնպաստի թանգարանին որակյալ մասնագետներով համալրման գործընթացում:
Լիլիթ Մկրտչյանը, խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, նշեց՝ հանրակրթության պետական չափորոշչով կարևորվում է կրթության անցկացումը կոնկրետ միջավայրում։ Դրանով պայմանավորված՝ որպես ապագա մանկավարժներ պատրաստող բուհ, նա կարևորեց, որ բոլոր նորարությունները, մոտեցումները, սկզբունքներն ու ռազմավարությունն առաջին հերթին ներդրվեն Մանկավարժականում։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը համագործակցությունը կարևորեց նաև միջառարկայական կապերի ամրապնդման տեսանկյունից․ երևույթների բազմակողմանի ուսումնասիրումը հնարավորություն կտա ձևավորել անհրաժեշտ հմտություններ, իմացություն, կատարել այսօր շատ պահանջված հետազոտական աշխատանքներ։
Լիլիթ Մկրտչյանն այդ առումով կարևորեց համատեղ կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների, հանդիպումների, մրցույթների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչն ամրագրված է նաև հուշագրով։
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը ևս կարևորեց Մանկավարժական մայր բուհի հետ գործընկերությունը։ Բուհի շրջանավարտն ընդգծեց՝ հավատարիմ է հարազատ բուհի ակունքներին և շահագրգռված, որ համայնքային թանգարանը կապեր հաստատի տարբեր ոլորտների կառույցների հետ։
Նա ժամանակակից կրթության մեջ խիստ կարևորեց թանգարան-բուհ կապը, ինչպես նաև հնարավոր համարեց բուհի այլ ֆակուլտետների հետ համագործակցությունը՝ տարբեր ուղղություններով։
Ի դեպ, առաջիկայում Բանասիրական ֆակուլտետի և Պրակտիկայի և կարիերայի կենտրոնի համագործակցությամբ մայրենիի պրակտիկ դասեր կանցկացվեն Նանսենի անվան թանգարանում։
Հանդիպման ավարտին Ժորա Հակոբյանը Լիլիթ Մկրտչյանին նվիրեց Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 100-ամյակի առթիվ տպագրված 5֊հատորյակը։
Վերջին հրապարակումներ
-
23.04.2026ՀՊՄՀ-ն՝ ԻԿՕՄ անդամ
-
23.04.2026Միջոցառումների շարք՝ նվիրված գիտությանը