Կայքը փորձարկման փուլում է։

Քննարկվեցին մանկավարժության արդի հիմնախնդիրներն ու լուծումները

30.04.2026
Քննարկվեցին մանկավարժության արդի հիմնախնդիրներն ու լուծումները

Կայացավ «Մանկավարժության արդի հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս համատեղ ամենամյա 13-րդ գիտաժողովը։ Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրներին նվիրված գիտական ձեռնարկն անցկացվում է Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ։

 

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը, կարևորելով գիտաժողովը, նշեց՝  մանկավարժությունը հավիտենական գիտություն և մասնագիտություն է․ ժամանակակից մանկավարժությունը պահանջում է փոխել մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ՝ յուրաքանչյուրի կրթությունը դիտարկել ոչ միայն որպես իրավունք, այլև՝ հանրային բարիք․«Մանկավարժությունը բոլոր ժամանակներում գործ ունի, կրթությունը, դաստիարակությունը, ուսուցումն իրենց գործառույթներն ունեն և այդ երեքի համերաշխության ազդեցության արդյունքն է բարեկիրթ մարդը: Այսօր մանկավարժությունը հասկացել է, որ միայն ինքը չէ երեխային դաստիարակողը․ ինքն ազդող է, համաձևավորող, որովհետև յուրաքանչյուր երեխա իր ձևավորման հեղինակն է, քանի որ ինքն է ընտրում այդ ազդեցությունից ինչը և ինչքան վերցնի: Ուստի, մանկավարժությունը համագործակցություն է, փոխօգնություն, համակեցություն»,- նշեց  պրոֆեսոր Աիդա  Թոփուզյանը։

 

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց մանկավարժության դերը, պատվաբեր առաքելություն համարեց մանկավարժի մասանգիտությունը,  որպես պատմաբան էլ փաստեց՝ կրթությունը պատմության բոլոր շրջափուլերում և հասարակարգերում ճգնաժամ ապրել է, պարբերաբար եղել են փնտրտուքներ՝ ինչ կրթություն ենք ուզում, ինչպիսին պետք է լինի այն։

 

Ըստ նրա, կրթությունը պետք է լինի նորարարությունների առաջամարտիկ, իսկ ամենամեծ  դերը լինի արժեքհամակարգի ձևավորումը․ «Եթե կրթությունը միտված չէ այդ արժեքհամակարգի ձևավորմանը, ապա այն բաց է, խնդրահարույց առավել ևս ժամանակակից աշխարհում, երբ կան կրթական տարբեր գործիքներ։ Արդյունավետ և արժեքահեն կրթության պարագայում կարևոր են կրթության բոլոր հենասյուները, որոնք պետք է լինեն շղթայական»,-նշեց  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակարը։ Նա ձեռնարկը երկխոսության   և համագործակցության կարևոր հարթակ  դիտարկեց։

 

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար, նշելով, որ գիտաժողովում ներկայացված զեկույցներն արտացոլում են ժամանակակից մանկավարժության նոր միտումները, որոնք հետագա  հետազոտությունների,   մասնագիտական և անձնային աճի  խթան կդառնան։

 

«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով ուսանող-դասախոս համատեղ գիտաժողովին  զեկուցումներով հանդես եկան ուսանողները՝ անդրադառնալով կրթության արդի հիմնահարցերին։
Ներկայացված թեմաները ներառում էին տարրական կրթության բովանդակային և մեթոդական տարբեր ուղղություններ՝ «Մայրենի» դասագրքերի՝ ազգային և համամարդկային արժեքների ձևավորման դերից, մեդիագրագիտության զարգացման մարտահրավերներից ու հնարավորություններից  մինչև սովորողների հուզական բառապաշարի հարստացումը։

 

Մասնախմբերում քննարկվեցին նաև ինքնադաստիարակության կարողությունների ձևավորման, համագործակցային և նախագծային ուսուցման կիրառման, ինչպես նաև «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակում սովորողների կոմպետենցիաների զարգացման հիմնահարցերը։
Զեկույցներում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սովորողների ստեղծագործական և ալգորիթմային մտածողության ձևավորմանը, անձնակողմնորոշիչ մոտեցման առանձնահատկություններին, ինչպես նաև կրթական գործընթացում ուսուցչի իրավագիտակցության կարևորությանը։

 

Սոցիալական մանկավարժության ուղղությամբ ներկայացված զեկույցները վերաբերում էին ուսուցչի օգնականի դերին կրտսեր դպրոցականների սոցիալականացման գործընթացում, սոցիալական մանկավարժի գործունեության առանձնահատկություններին, ընտանեկան դաստիարակության ազդեցությանը երեխաների արժեքային համակարգի ձևավորման վրա։

Գիտաժողովում քննարկվեցին նաև կրտսեր դպրոցականների համագործակցային հմտությունների և հուզական ինտելեկտի զարգացումը, հասակակիցների հետ հաղորդակցման առանձնահատկությունները, ինչպես նաև համացանցային սոցիալական հարթակների ազդեցությունը դեռահասների սոցիալականացման վրա։