Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ-ն մասնակցեց MIF26-ին

05.05.2026
ՀՊՄՀ-ն մասնակցեց MIF26-ին

Հայկական պետական մանկավարժական համալսարանը մասնակցեց MIF26 | Մարտունի Ինովացիոն Ֆեստիվալ 2026-ին։ Այն միավորել էր Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից շուրջ 300 երիտասարդների։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ժամանակակից կրթական հնարավորությունները, նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, կրթական հաստատությունների և ապագա դիմորդների միջև ստեղծել անմիջական կապ։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից էին համալսարանների տաղավարները, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին ծանոթանալ բուհերի կրթական ծրագրերին, ընդունելության պայմաններին և ուսանողական կյանքին։

ՀՊՄՀ-ի տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդների շրջանում․ բաց և ընկերական մթնոլորտում յուրաքանչյուր հետաքրքրված աշակերտ ազատորեն մոտենում, զրուցում և ստանում էր անհրաժեշտ տեղեկատվություն։

Համալսարանի Ուսանողական խորհրդի անդամները ներկայացրին բուհի ընդունելության կարգը, մասնագիտությունները, ուսման կազմակերպման առանձնահատկությունները, պատասխանեցին դիմորդներին հուզող հարցերին։

Նրանք նաև կիսվեցին իրենց ուսանողական փորձառությամբ՝ խոսեցին կրթության որակի, համալսարանական միջավայրի և ակտիվ ուսանողական կյանքի մասին, ինչը հատկապես կարևոր էր ապագա դիմորդների համար՝ ընտրությունն առավել վստահ և տեղեկացված կատարելու։

Ինչպես նշեցին ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները՝ փառատոնը դարձավ արդյունավետ հարթակ՝ կրթական հաստատությունների և երիտասարդների միջև ուղիղ կապի ձևավորման համար՝ վերահաստատելով նման նախաձեռնությունների կարևորությունը մարզային համայնքների երիտասարդների ակտիվացման և կրթական հնարավորությունների հասանելիության բարձրացման գործում։

Միջոցառումն ապացուցեց նաև, որ ապագայի կրթությունը սկսվում է տեղեկացված ընտրությունից, իսկ նման հանդիպումները կարևոր քայլ են այդ ճանապարհին՝ օգնելու երիտասարդներին ձևավորելու իրենց մասնագիտական ուղղությունն ու վստահորեն շարժվելու դեպի նպատակ։