- Մեդիա > Նորություններ >Ուսուցողական այց՝ Դաշտադեմ
Ուսուցողական այց՝ Դաշտադեմ
06.05.2026
Մանկավարժական համալսարանի և բուհի Արհեստակցական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ օրերս կայացավ ուսուցողական և ճանաչողական այց Արագածոտնի մարզ, որի ընթացքում բուհի դասախոսները դասախոսություններ ունեցան` տեսական գիտելիքի և դաշտային ուսուցման համադրմամբ։
Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու մարզի պատմամշակութային ժառանգությանը՝ լսել դասախոսություններ, մասնակցել քննարկումների։
ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրեց Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկը՝ Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը, հիմնադրումը, հարուստ պատմական անցյալը, ռազմավարական նշանակությունն ու ճարտարապետական առանձնահատկությունները՝ ընդգծելով, որ այն միջնադարյան պաշտպանական ուշագրավ կառույցներից է։
Նա ընդգծեց ամրոցի կարևոր դերը հայկական պատմամշակութային ժառանգության մեջ և կարևորեց Դաշտադեմի ամրոցի պահպանությանն ու վերականգնմանը ուղղված նախագիծը։
Դաշտադեմ գյուղի և նույնանուն ամրոցի աշխարհագրական դիրքի, տարածքային առանձնահատկությունների, բնական պայմանների, կլիմիայի, հողաբուսական ծածկի, կենդանական աշխարհի, Արագածի հարավային և հարավարևմտյան լանջերի լանդշաֆտների վերընթաց գոտիականության մասին խոսեց Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Վարդուհի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նման դաշտային այցերը կարևոր են ուսուցման գործընթացում, քանի որ հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները համադրել իրական միջավայրում կատարվող դիտարկումների հետ։
Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար կազմը, համայնքի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ՝ Դաշտադեմի Գ. Բաղդասարյանի անվան, Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ, Թալինի թիվ 2 հիմնական և Հակոյի հիմնական դպրոցների ուսուցչական կազմը, աշակերտներ։
Բուհի և համայնքի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման վերաբերյալ։ Քննարկվեցին կրթության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացում, ուսուցման նոր ձևաչափերի ներդրում։
Այցի շրջանակներում Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին մարզի պատմամշակութային այլ վայրեր ևս։
Նման նախաձեռնությունները, ըստ կազմակերպիչների, շարունակական բնույթ են կրելու՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը, համալսարան–համայնք կապերի ամրապնդմանը։
Վերջին հրապարակումներ
-
06.05.2026Ներկայացվեց VAKE մեթոդաբանությունը
-
05.05.2026ՀՊՄՀ-ն մասնակցեց MIF26-ին