Տեղեկատվական հանդիպում՝ վերապատրաստումներից առաջ
14.05.2026
ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում կայացավ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS) ժամանակակից կրթության և հետազոտության մեջ» թեմայով տեղեկատվական հանդիպում։
Այն վարում էր ԱՏՀ փորձագետ Անի Հակոբյանը։ Նա ներկայացրեց տարածական տվյալների վերլուծության գործնական օրինակներ և ընդգծեց աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կարևորությունը կրթության թվայնացման, գիտական հետազոտությունների զարգացման և տվյալահեն որոշումների ընդունման գործընթացներում։
Հանդիպման նպատակն էր պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնել աշխարհագրական տեղեկատվական համակարգերի արդիական հնարավորությունները, դրանց դերը ժամանակակից կրթական և գիտահետազոտական գործընթացներում, ինչպես նաև ծանոթացնել ArcGIS Pro ծրագրային միջավայրի հիմնական գործիքներին։
Անի Հակոբյանն ընդգծվեց, որ ԱՏՀ տեխնոլոգիաները ժամանակակից կրթության մեջ ունեն միջգիտակարգային կիրառություն և կարող են արդյունավետորեն ինտեգրվել ոչ միայն աշխարհագրական, այլև մաթեմատիկական, տեղեկատվական, տեխնիկական և բնական գիտությունների կրթական ծրագրերում։
Միջոցառումը թեև կազմակերպել էր ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը՝ այն կարևոր հարթակ դարձավ համալսարանի տարբեր ակադեմիական ստորաբաժանումների միջև միջդիսցիպլինար համագործակցության զարգացման համար։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանը և ֆակուլտետի ներկայացուցիչները։
Նախատեսվում է, որ տեղեկատվական հանդիպմանը կհաջորդեն վերապատրաստման դասընթացներ՝ ուղղված բուհական կրթական ծրագրերում Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) կիրառության ընդլայնմանն ու դասախոսների կողմից ուսումնական գործընթացում դրանց գործնական օգտագործմանը։
Վերջին հրապարակումներ
-
14.05.2026Կնքվեց համագործակցության հուշագիր
-
14.05.2026Ապահով միջավայր՝ իրական զարգացում
-
14.05.2026Հայտնի է բուհի «Լավագույն ուսանող»-ի անունը