Հայտնի է բուհի «Լավագույն ուսանող»-ի անունը
14.05.2026
Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական ամենասպասված՝ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։
Բուհի 10 ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները՝ Հասմիկ Գալստյան, Հասմիկ Պետրոսյան, Էլեն Նեմեսնիկյան, Աստղիկ Հարությունյան,Կարինե Ավալյան, Մարիամ Գրիգորյան, Շուշան Խաչատրյան, Ջուլիետա Սահակյան, Աննա Խարիտովա և Սիմոն Հովհաննիսյան։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց լավագույններին և նկատեց․ «Դուք արդեն իսկ տարվա լավագույն ուսանողներ եք, դուք մանկավարժ պատրաստող մայր բուհի ուսանող եք, իսկ դա առաքելություն է, առանձնահատուկ կարգավիճակ»։
Նա ուսանողներին հորդորեց՝ լինել ակտիվ, ձեռք բերել ոչ միայն գիտելիք, այլև իմացություն, հմտություններ, որպեսզի կարողանան ժամանակակից աշխարհում որպես մարդ ու քաղաքացի իրենց տեղը գտնել։
Լիլիթ Մկրչյանը 10 ֆակուլտետների լավագույններին համարեց իրենց մասնագիտության և ֆակուլտետի հավաքական կերպար․ «Դուք ձեր առաջադիմությամբ, պատասխանատվությամբ, կատարած աշխատանքով ցույց եք տվել, որ բոլոր ուսանողներից մի փոքր ավելին եք և ներկայացուցիչն եք բոլոր ուսանողների․ սա ոչ միայն առավելություն է, այլև պատասխանատվություն։ Նախևառաջ պատասխանատվություն։ Դա խոսում է այն մասին, որ դուք պետք է լինեք օրինակելի ոչ միայն համալսարանում, ոչ միայն ֆակուլտետում, այլև մեր պետության սահմաններում և հանրության մեջ ունենաք բուհը ներկայացնելու պատասխանատվություն»։
2024 թվականի լավագույն ուսանողուհի Նոնա Խաչատրյանը հայտարարեց 2025 թվականին համալսարանի 10 լավագույններից լավագույնի՝ «ՀՊՄՀ լավագույն ուսանողի» անունը՝ Սիմոն Հովհաննիսյան, որին էլ հանձնեց փոխանցիկ մեդալը՝ մաղթելով շարունակական հաջողություններ։
Ի դեպ, Սիմոնը նաև ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոց-վարժարանի լավագույն շրջանավարտներից է։
Այս ուսումնական տարվա լավագույն ուսանողներին սպասվում է կրթական, մշակութային և ճանաչողական երկօրյա այց դեպի Վրաստան, իսկ ՀՊՄՀ լավագույն ուսանողը հնարավորություն կստանա մեկ կիսամյակ սովորել եվրոպական հայտնի բուհերից մեկում։
Լավագույններին իրենց կատարումներով շնորհավորեցին Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական խմբերը՝ օրը դարձնելով ավելի հետաքրքիր ու հիշարժան։
Վերջին հրապարակումներ
-
14.05.2026Կնքվեց համագործակցության հուշագիր
-
14.05.2026Ապահով միջավայր՝ իրական զարգացում