Կայքը փորձարկման փուլում է։

Ապահով միջավայր՝ իրական զարգացում

14.05.2026
Ապահով միջավայր՝ իրական զարգացում

Մանկավարաժական համալսարանում «Գլուխ գլխի» խորագրի ներքո կայացավ երրորդ հանդիպումը դպրոցների տնօրենների հետ։ Օրվա բանախոսը «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի ղեկավար Անի Մկրտչյանն էր, թեման՝ «Ապահով միջավայր՝ իրական զարգացում»։

 

Բանախոսն իր և ուրիշների օրինակով ներկայացրեց դեպքեր, երբ սովորելու վայրում ստեղծված անապահով միջավայրը չի խթանում սովորողի զարգացումը, երբ երեխան այլ դպրոց ու միջավայր տեղափոխվելուց հետո կարող է ներկայանալ իր հնարավորություններով ու ձգտումներով՝ ուսման մեջ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։

 

Անի Մկրտչյանը հայտնի տեսությունների միջոցով ներկայացրեց թեմայի հիմնական ուղերձները․ «Զարգացումը տեղի է ունենում հանգստության կետից, ակադեմիական առաջընթացն անմիջականորեն կապված է դրական հույզերի հետ, ապահով միջավայրում է, որ սովորողները և ուսուցիչներն իրենց զգում են ֆիզիկապես,  հուզականորեն ու հոգեբանորեն անվտանգ, վախի, ծաղրի, բռնությունից  և խտրականությունից զերծ պայմաններում, և ապահովում են ակադեմիական մասնագիտական  և սոցիալ-հուզական մտածողության առաջընթաց»։

 

Բանախոսը ներկաների հետ քննարկեց Մասլոուի բուրգի հիմնարար ու հոգեբանական պահանջմունքներն՝ ընդգծելով ինքնաիրացման ողջ ընթացքն ու կարևորությունը։ Նա խոսեց հոգեբանական կարիքների, կարողությունների, ներքին ու ինքնավար մոտիվացիայի մասին․ «Մարդը կարող է ունենալ կարողություններ, բայց ոչ մոտիվացիա, և հակառակը։ Կարողություն, ինքնավարություն, պատկանելություն․ այս երեք կարիքները բավարար են, որ մարդն ունենա մոտիվացիա»։

 

Տնօրենների հետ ակտիվ երկխոսության ընթացքում բանախոսը եզրակացրեց․«Կրթական հաստատությունների նպատակը ոչ թե ստիպելն է սովորել, այլ այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ մարդը կցանկանա սովորել»։