Կհամագործակցենք նաև Կապանի Արվեստի քոլեջի հետ
15.05.2026
Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Կապանի Արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանի հետ։
Վերջինս փաստեց՝ Մանկավարժական համալսարանի հետ քոլեջը տարիների համագործակցության պատմություն ունի, և իրենց շրջանավարտներից շատերը կրթությունը շարունակում են այս համալսարանում։ Նա խոսեց քոլեջը մասնագիտական կադրերով համալրելու անհրաժեշտության մասին, կարևորեց սերնդափոխությունը և այդ համատեքստում` Մանկավարժական համալսարանի հետ համագործակությունը։
Նախորդ տարի քոլեջի 60-ամյակն են տոնել․ Կապանի արվեստի քոլեջի գործունությունն ու պատմությունն է ներկայացնում քոլեջի տնօրենը՝ ընդգծելով, որ այդ ուսումնական հաստատությունում շատ երևելի արվեստագետներ են դասավանդել։
Լիլիթ Մկրտչյանը կրթության շարունակականության ու բարելավման իմաստով կարևորեց համագործակցությունը՝ վստահեցնելով՝ եղած կապերը հուշագրով կամրագրեն և ավելի կընդլայնեն, կիրականացնեն ուսանող-դասախոս ճանաչողական փոխայցելություններ։
Աշոտ Խաչատրյանը հատկապես կարևորեց քոլեջի կադրային խնդիրների լուծումը՝ ակնկալելով համալսարանի կողմից մասնագիտական ու մեթոդական աջակցության տրամադրումը։
Հանդիպմանը ներկա էին Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, Պրակտիկայի և կարիերայի կենտրոնի ղեկավար Հասմիկ Առաքելյանը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը և փոխդեկանները։
Ըստ հուշագրի՝ համալսարանը և քոլեջը կհամագործակցեն ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համատեղ վերանայման և համաձայնեցման շրջանակում, շրջանավարտների որակավորման քննություններին այսուհետև կմասնակցեն համալսարանի համապատասխան մասնագիտությունների առաջատար մասնագետները, միաժամանակ արվեստի մի շարք մասնագիտությունների գծով քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները հնարավորություն կունենան համապատասխան մասնագիտությունների գծով կրթությունը շարունակելու բուհի 2-րդ կուրսում։ Բացի այդ, համալսարանը քոլեջին աջակցություն կցուցաբերի` մասնագիտական ու մեթոդական, ինչպես նաև գիտահետազոտական ու հրատարակչական գործընթացներում։
Վերջին հրապարակումներ
-
15.05.2026Ընտանիքը և հասարակությունը
-
15.05.2026Ստորագրվեց համագործակցության հուշագիր