Կայքը փորձարկման փուլում է։

Ընտանիքը և հասարակությունը

15.05.2026
Ընտանիքը և հասարակությունը

Ընտանիքի միջազգային օրվա առիթով Մանկավարժական համալսարանը և «Լուսէ» վերականգնողական կենտրոնը համատեղ իրականացրին «Ընտանիք և հասարակություն. ճանաչումից ընդունում» խորագրով համաժողով, որին մասնակցում էին պետական և հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

 

Աշխատաժողովի պլենար նիստի բանախոսներն էին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, «Կանանց աջակցության կենտրոն» ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը, Ուիգմոր Կանանց և երեխաների հիվանդանոցի կրթական և սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը։

 

Քննարկվեց ընտանիքի դերը, ներառական մոտեցումները և կնոջ կարևոր դերն ընտանիքի կայունության ու զարգացման գործում, նաև անդրադարձան պատմության ընթացքին և մերօրյա մարտահրավերներին: Պլենար նիստը վարում էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատանքի ծրագրերի ղեկավար Նախշուն Աֆանեսյանը։

 

«Որպես մանկավարժական մայր բուհի ռեկտոր, ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել մի իրադարձություն, որի առանցքում մարդն է և առողջ, ներառական հասարակություն կառուցելու մեր հավաքական պատասխանատվությունը,-բացման խոսքում ասաց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը և ավելացրեց,- ճանաչումից ընդունում. այս բառերի արանքում հսկայական, երբեմն շատ բարդ ճանապարհ կա: Ճանաչել խնդիրը, նկատել դիմացինի առանձնահատկությունը միայն առաջին քայլն է: Բայց իրական ընդունումը պահանջում է քաջություն, էմպաթիա, ստիգմաների ու կարծրատիպերի ամենօրյա հաղթահարում: Այն պահանջում է գիտելիք և հոգատարություն»:

 

Լիլիթ Մկրտչյանը նկատեց՝ որպես կրթության մշակներ, լավագույնս գիտակցում ենք «ուսուցիչ-աշակերտ-ծնող» եռանկյունու կենսական ուժը: «Երբ դպրոցը, ընտանիքը և հասարակությունը սկսում են գործել որպես մեկ միասնական մեխանիզմ, մենք կարողանում ենք իսկական հրաշքներ գործել»,-ասաց նա ու հավելեց, որ մեր այսօրվա կրթական ու սոցիալ-հոգեբանական մոտեցումներից է կախված մեր վաղվա հասարակության որակը։ Ապա հղում արեց ընդհանուր նպատակին՝ ստեղծել ընդունող, սիրող և աջակցող միջավայր:

 

«Լուսէ» հիմնադրամի ղեկավար Գոհար Գալստյանն, անդրադառնալով օրվա թեմային՝ նկատեց․ «Յուրաքանչյուր պետության ամուր հիմքերի գլխավոր երաշխավորը ընտանիքն է։ Ուժեղ հասարակությունը սկսվում է առողջ, ներառող, գիտակից և փոխադարձ հարգանքի վրա կառուցված ընտանիքներից,-ասաց նա։

 

Աշխատաժողովը բացվեց Մանկավարժական համալսարանի ազգային նվագարանների նվագախմբի կատարումով, իսկ միջոցառման ամենահուզական պահը լսողության խանգարում ունեցող երեխաների ելույթն էր Արա Գևորգյանի հեղինակային՝ «Պետք է Սեր» երգի կատարմամբ: