Կայքը փորձարկման փուլում է։

Տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ ուսանող

16.05.2026
Տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ ուսանող

Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների և Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

 

Եվս մեկ անգամ արժևորելով երիտասարդության ուժը, գիտելիքի դերը և ուսանողի պատասխանատու առաքելությունը հասարակության ու պետության զարգացման գործում։ Ժամանակակից աշխարհում գիտելիքը դարձել է ամենամեծ ուժը, իսկ կրթված երիտասարդությունը՝ պետականաշինության ամենահուսալի հենարանը։ Հենց ձեր մտածողությամբ, նախաձեռնողականությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ և արժեքային համակարգով է ձևավորվում մեր երկրի ներկան ու ապագան։

 

Դուք ոչ միայն ապագայի կերտողներն եք, այլև այսօրվա հասարակական կյանքի ակտիվ մասնակիցները։ Պետականաշինության գործընթացում երիտասարդի դերը բացառիկ է, որովհետև գիտելիքով, պատասխանատվությամբ և ազգային արժեհամակարգով առաջնորդվող սերունդն է կարողանում կառուցել ուժեղ, մրցունակ և կայուն պետություն։

 

Միևնույն ժամանակ, ուսանողը համալսարանի կյանքի առանցքային ուժն է։ Համալսարանը կայանում և զարգանում է առաջին հերթին իր ուսանողների շնորհիվ՝ նրանց գիտական հետաքրքրություններով, նախաձեռնություններով, ստեղծարար մտքով, ակտիվ մասնակցությամբ և համալսարանական արժեքների պահպանմամբ։ Ձեր ներկայությամբ է ձևավորվում համալսարանի կենդանի միջավայրը, նրա ակադեմիական ոգին և առաջընթացի շարունակական ընթացքը։

 

Որպես Հայաստանի պետական մանկավարժական համալսարան ռեկտոր՝ հպարտությամբ եմ նշում, որ մեր ուսանողները ոչ միայն գիտելիք ստացողներ են, այլև համալսարանի համահեղինակները, նրա ձեռքբերումների ու հեղինակության կարևոր կրողները։ Ձեր հաջողությունները մեր համալսարանի հաջողություններն են, իսկ ձեր նվիրումն ու պատասխանատվությունը՝ նրա զարգացման կարևոր նախապայմաններից մեկը։

 

Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, նոր ձեռքբերումներ, համարձակ գաղափարներ և հաջողություններ կյանքի բոլոր բնագավառներում։ Թող ձեր գիտելիքը, աշխատասիրությունն ու արժեհամակարգը ծառայեն հայրենիքին, հասարակությանը և կրթության զարգացմանը։

 

Տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ ուսանող և երիտասարդ։

 

Լիլիթ Մկրտչյան

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար