Կայքը փորձարկման փուլում է։

«Թանգարանը երկխոսության միջավայր է՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև»

18.05.2026
«Թանգարանը երկխոսության միջավայր է՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև»

«Թանգարանը մեզ համար կարևոր երկխոսության միջավայր է՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև։ Այն շատ կարևոր է մեզ համար՝ ինքնությունը ճանաչելու առումով, որպեսզի կարողանանք ամուր կանգնել ներկայում, և հատկապես նոր գաղափարների և այս երկխոսության միջավայրում հղանալու նոր գաղափարներ՝ ապագայում ավելի հաստատուն քայլերով առաջ շարժվելու համար»,- այսօր ՀՊՄՀ թանգարանում կազմակերպված ցուցադրության բացմանն ասաց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն։

 

Թանգարանների միջազգային օրը ՀՊՄՀ-ում խորհրդանշվեց «Ինչպես են խոսում ձեռագրերը․ ձեռագրերը որպես պատմամշակութային աղբյուր» խորագրով ցուցադրության ներկայացմամբ։

 

Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց մեր թանգարանի դերը  տարբեր տեսանկյուններից՝ կրթական, գիտական ու մշակութային երկխոսության միջավայրի ստեղծումը հանրապետությունում, երկրում ու տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային ասպարեզում, հավելելով, որ այս տարի մեր համալսարանը դարձավ թանգարանների միջազգային ասոցիացիայի անդամ։ «Այսօրվա ցուցադրությունը շատ ավելի խորհրդանշական է, որովհետև առանձնահատուկ նշանակություն ենք տվել ձեռագրերին․ տեքստը, թուղթը կարևոր իրողություն է՝ սկսած տառի գրելու ձևից, նրա մեջ կա մեծ հոգեբանություն ու  մշակույթ»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը։

 

ՀՊՄՀ թանգարանի կազմակերպած  միջոցառումը նվիրված է ձեռագրերի տարբեր կիրառություններին։ Ինչպես նկատեց թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, ձեռագրերը ոչ միայն մշակութային արժեք են, այլև ուսուցման և միջմշակութային երկխոսության գործիք․ «Ձեռագրերը հանդես են գալիս որպես գիտելիքի և հիշողության համամարդկային կրողներ, որոնք անցնում են ժամանակի, լեզուների և սահմանների սահմանափակումներից այն կողմ։ Դրանց բազմազան կիրառությունների ներկայացումը՝ կրթության, գիտության, կրոնական կյանքի և առօրյայի մեջ, ցույց է տալիս, որ տարբեր մշակութային և պատմական համատեքստերի պայմաններում մարդկությունը հիմնվում է փորձի և իմաստի փոխանցման համանման ձևերի վրա։ Մատենադարանում պահվող և ներկայացվող տարբեր ժողովուրդների և մշակույթների ձեռագրային ժառանգությունը մարդկային քաղաքակրթության միասնականության գիտակցման ապացույցն է»,-ասաց նա։

 

Միջոցառմանը ներկա էր նաև Մխիթարյան Միաբանության հայրերից հայր Գևորգը, որը զբաղվում է Կոմիտասի արխիվի վերականգնմամբ ու վերծանմամբ։ Նա ուսուցիչներ պատրաստող կրթօջախի անձնակազմին մաղթեց՝ շատ սիրել և սիրելով կրթել․ «Այս ցուցադրությունը նույնպես  սիրո նշան է»,-ասաց նա։

 

Պատմական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, Թանգարանագիտության, գրադարանագիտության և  մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ հին ձեռագրերին՝ պապիրուսի թղթից մինչև մագաղաթներ ու հայկական մանրանկարչություն․ «Ամբողջ մարդկության փիլիսոփայությունն ու գրականությունը մեզ հասել են ձեռագիր վիճակում մինչև տպագրության գյուտը,-ասաց նա ու փաստեց, որ։ մեզանում, ցավոք, արխիվ ստեղծվել է Հայաստանի միայն երկրորդ հանրապետությունում՝ Խորհրդային Հայաստանում, 1923 թվականին։ «Հազվագյուտ փաստաթղթեր կան, որոնք պահվում են Մատենադարանում և Ազգային արխիվում։ Բայց դրանց մեջ  մենք ունենք նշանավոր մարդկանց հնագույն ձեռագրերի մի ամբողջական հավաքածու՝ սկսած Խաչատուր Աբովյանից, Միքայել Նալբանդյանից մինչև  կաթողիկոսների ձեռագրերը»,-ասաց Ամատունի Վիրաբյանը  և ամփոփեց՝ մերօրյա բարձր տեխնոլոգիաների դարում ձեռագրերը դեռևս պահպանում են իրենց յուրահատուկ դերը՝ փոխանցելով հնագույն ժամանակաշրջանների միջավայրը։

 

Տնտեսագիտության թեկնածու, բարերար, կոլեկցիոներ Հրաչյա Դանիելյանը ներկայացրեց հայ մեծերի ձեռագրեր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը՝ ընծայագրերով գրքեր, անցկացվեց վարպետաց դաս՝ «Ձեռագրերը որպես սկզբնաղբյուր»։

 

Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դոցենտ Լիաննա Գևորգյանն ուսանողների համար անցկացրեց սեմինար՝ «Թանգարանային էթիկա և փաստաթղթերի պահպանում» խորագրով։ ՀՊՄՀ պատմության թանգարանում անցկացրեց ներառական էքսկուրսիա՝ տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար։

 

Միջոցառումն ավարտվեց «Կրթությունը՝ որպես միավորող ուժ. Հայաստանը համաշխարհային կրթության քարտեզում» ֆիլմի դիտումով։