Կայքը փորձարկման փուլում է։

Ամփոփվեց Ուսանողական գարունը 2026-ը

18.05.2026
Ամփոփվեց Ուսանողական գարունը 2026-ը

Մարտին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևած «Ուսանողական գարուն» մարզամշակութային ու կրթական ծրագիրն ամփոփվեց: Երկու ամիս «ստեղծագործական էներգիայով, թեժ պայքարով ու անկոտրում կամքով բաբախող համալսարանը» ուսանողներին միավորել էր մեկ գաղափարի շուրջ՝ ապացուցելու, որ «ապագա մանկավարժը ոչ միայն գիտելիքի կրող է, այլև տաղանդի, ուժի և ստեղծագործական էներգիայի անսպառ աղբյուր»:

 

ՀՊՄՀ ուսանողական խորհուրդն այսօր հայտարարեց 1-3-րդ տեղերը զբաղեցրած հաղթող ֆակուլտետների և ուսանողների անունները, որոնք ստացան մեդալներ՝ երգի, պարի, էսսեի և տարբեր մարզաձևերի մրցույթներում:

«Այսօր ամփոփում ենք արդյունքները, որը ցույց է տալիս՝ ինչ ճանապարհ կարող է անցնել մարդը, ինչպես կարող է հաջողել և ինչպես ինքն իրեն իր մեջ նայելով՝ շարունակել այդ կետից»,-ասաց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ կարևորելով «կրթության մեջ ինքներս մեզ ուսումնասիրելն ու ճանաչելը»: Նա հավելեց, որ հենց այդպես ուսանողներն իրենց բացահայտել են տարբեր ուղղություններով, շփվել տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ, ձևավորել թիմային ոգի ու մտածողություն, միասին հաղթանակի հասնելու ձգտում:

 

Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս, ԽՍՀՄ սպորտի վարպետ Լիլիթ Գրիգորյանը շնորհավորեց ուսանողներին և որպես մարզաշխարհի մարդ՝ կարևորեց սպորտը՝ ասելով. «Սպորտը մարդուն տալիս է ոչ միայն առողջություն, այլև բնավորություն է ձևավորում, հատկանիշներ, որոնք կյանքում շատ են պետք՝ կամքի մեծ ուժը, հաղթելու և առաջ գնալու ուժը, աշխատասիրությունը, ընկերասիրությունը, թիմային մարզաձևերում ձևավորվում է թիմային ոգին...»:

 

Լիլիթ Գրիգորյանը մաղթեց, որ սպորտը ուսանողների համար դառնա ապրելակերպ:

 

Ուսանողներին և կազմակերպչական աշխատանքների ամբողջ թիմին շնորհավորեց ու ծրագրի վերջնարդյունքներն ամփոփեց ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը:

 

Ամփոփումից պարզ դարձավ, որ թիմային ընդհանուր հաշվարկով 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականը՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, իսկ 1-ին պատվավոր տեղը՝ Սկզբնական կրթության ֆակուլտետը:

 

Միջոցառման հյուրերն էին և հաղթողներին իրենց ուրախ ու ռիթմիկ «Երգի հետքերով» երգով ողջունեցին ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի փոքրիկները:

 

Ելույթ ունեցան նաև պարային մրցույթում հաղթած աղջիկները և նորաստեղծ Aspu բենդը: