ՀՊՄՀ-ի պատվիրակությունը Դմիտրի Կանտեմիրի համալսարանում էր

19.05.2026
ՀՊՄՀ-ի պատվիրակությունը Դմիտրի Կանտեմիրի համալսարանում էր

Մայիսի 11-15-ը  Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Ռումինիայի Դմիտրի Կանտեմիրի համալսարանում հյուրընկալվեցին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի  գիտության և միջազգային համագործակցության հարցերով փոխդեկան,  դոցենտ Մարինե Մաթոսյանը և Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետ Աննա Հախումյանը։

 

Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու բուհերի միջև ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև խթանել փորձի փոխանակումը միջազգային կրթական ծրագրերի ու գիտահետազոտական գործընթացների ոլորտներում։

 

Այցի ընթացքում ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Դմիտրի Կանտեմիրի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի, ինչպես նաև աշխարհագրության և տուրիզմի ֆակուլտետի ներկայացուցիչների հետ։

 

Մարինե Մաթոսյանը ուսանողների համար հանդես եկավ նաև հատուկ դասախոսությամբ, որի հիմքում դրված էր Էրազմուս + PROVE նախագծի VAKE (արժեքահեն և գիտելիքահեն կրթություն) մեթոդաբանությունը։ Դասընթացը կառուցված էր հստակ մեթոդական փուլերով, որոնց հաջորդական կիրառումը թույլ տվեց առավելագույնս ներգրավել լսարանին։

 

Որպես մեկնարկային կետ՝ ուսանողներին ներկայացվեց բարդ բարոյական դիլեմա, որին հաջորդեցին անհատական և խմբային քննարկումների, տեղեկատվության հավաքագրման և փաստարկների վերլուծության փուլերը։ Դիլեմայի վրա հիմնված այս մոտեցումը կոչված է ոչ միայն խթանելու ուսանողների վերլուծական ու քննադատական մտածողությունը, այլև զարգացնելու փաստարկված ու կշռադատված դիրքորոշում ձևավորելու կարողությունը։ Դասն անցավ ինտերակտիվ միջավայրում, որտեղ տարբեր կարծիքների և արժեքների բախումը մեթոդաբանության կանոնների շնորհիվ վերածվեց կառուցողական, հարգալից և արդյունավետ երկխոսության։