Մանկության գույները՝ Մանկավարժականում
01.06.2026
Կրթություն, գիտելիք, ապագա․ այս կարգախոսով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մանկավարժական համալսարանում կայացավ «Մանկության գույներ» խորագրով տոնական միջոցառումը։
Բուհի 10 Ֆակուլտետների նախաձեռնությամբ պատրաստված տաղավարներում փոքրիկներին սպասվում էին հետաքրքիր խաղեր, ստեղծագործական առաջադրանքներ, կրթական և ժամանցային ծրագրեր, որոնց նպատակն էր միաժամանակ նպաստել երեխաների երևակայության, ստեղծարարության և ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը։
Մաթեմատիկական և հոգեբանական խաղեր, արվեստ և գույներ, ստեղծագործական առաջադրանքներ, լեզուների աշխարհ, պատմական բացահայտումներ և ոչ միայն․ երեխաները սովորեցին, որ սովորելը խաղ է, իսկ խաղը՝ նոր գիտելիքի ճանապարհ։
Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ մանկությունը պաշտպանվում է ոչ միայն խոսքով, այլ նաև ներկայությամբ, ուշադրությամբ, լսելով, ձեռքից բռնելով, ինչուիկների անվերջանալի հարցերին պատասխանելով և երեխայի կողքին կանգնելով։ Օրն այդ առումով կարևոր էր նաև ապագա մանկավարժների համար․ այստեղ երեխան տոնի հերոս չէր միայն, այլ աշխատանքի, բուհի առաքելության, պատասխանատվության կենտրոն, ինչն էլ վերահաստատվեց միջոցառման ընթացքում։
Երեխաները մասնակցեցին նաև «գունավոր հրաբուխների», հետաքրքիր գիտափորձերի, նկարեցին, ստեղծագործեցին, իրենց համար բացահայտեցին հեքիաթների կախարդական աշխարհը, իրենց ուժերը փորձեցին նաև ինտերակտիվ խաղերում, վիկտորինաներում և կրթական քվեստներում։
Տոնական օրը հագեցած էր երաժշտությամբ, պարով, ուրախ մրցույթներով, բազմաթիվ անակնկալներով և մուլտհերոսների ներկայությամբ։
«Մանկության գույներ» միջոցառումը վերահաստատեց՝ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ գույն է․ չկա ավելորդ և անկարևոր գույն։ Այն մեկ անգամ ևս ընդգծեց՝ մանկությունը գույների, երազանքների և անսահման հնարավորությունների աշխարհ է, որտեղ գույները երբեք չեն խամրում։
Նշենք, որ միջոցառումն անցկացվեց ՀՊՄՀ Արհեստակցական կազմակերպության հետ համատեղ։
Վերջին հրապարակումներ
-
29.05.2026Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» ծրագրին
-
26.05.2026Հայտնի են օլիմպիադայի հաղթողները