Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» ծրագրին

29.05.2026
Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» ծրագրին

Մայիսի 15-22-ը Մարիբորի համալսարանում անցկացվեց «Միջազգային շաբաթ» ծրագիրը։

Ծրագրին մասնակցում էին արտասահմանյան բուհերի ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, միջազգային կապերի պատասխանատուներ։

Մանկավարժական համալսարանը Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրում ներկայացնում էին ռեկտորի խորհրդական Արմեն Պետրոսյանն ու Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետ Նելլի Մուրադյանը։

Միջազգային շաբաթվա հիմնական նպատակն էր խթանել միջազգային համագործակցությունը, խորացնել գործընկերային կապերը, ստեղծել հարթակ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման համար։

Աշխատաժողովների և սեմինարների ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության միջազգայնացման արդի մարտահրավերները, ուսանողների և անձնակազմի շարժունության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կրթական գործընթացներում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Ինչպես նշեցին ՀՊՄՀ ներկայացուցիչները՝ նման հանդիպումները լավ հնարավորություն են ստեղծում նոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաև նպաստում եվրոպական առաջատար բուհերի փորձին ծանոթացմանը, բուհի ձեռքբերումներն ու կրթական ծրագրերը ներկայացնելուն։