ՀՊՄՀ-ում էր դեսպան Նարեկ Մկրտչյանը

04.06.2026
ՀՊՄՀ-ում էր դեսպան Նարեկ Մկրտչյանը

Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը։

 

Պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Մկրտչյանը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր կրթական և մասնագիտական ուղուն, դիվանագիտական գործունեությանը, կիսվեց այն փորձառություններով, որոնք նպաստել են իր կայացմանն ու հետագա գործունեությանը։

 

Բանախոսը խորհրդանշանական համարեց հանդիպումը՝ ընդգծելով, որ ընդամենը ժամեր առաջ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց TRIPP միջպետական պայմանագիրը, ինչը, ըստ նրա, մեր երկրի համար կստեղծի լուրջ հնարավորություններ տարբեր ոլորտներում։

 

Հանդիպման առանցքային թեմաներից էր նաև արհեստական բանականությունը և դրա ազդեցությունը ժամանակակից կրթական  և մասնագիտական միջավայրի վրա։

 

Դեսպան Նարեկ Մկրտչյանը խոսեց TRIPP ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքում կառուցվող տվյալների կենտրոնի մասին՝ այն համարելով Հայաստանի համար ռազմավարական և հեղափոխական նշանակություն ունեցող բացառիկ հնարավորություն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կարող է էապես փոխել երկրի տեխնոլոգիական ներուժը՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային արհեստական բանականության զարգացման, նորարարության և բարձր տեխնոլոգիաների կարևոր կենտրոնի․ «Ապագա ունեն այն երկրները, որոնք որոշակի մասնակցություն կունենան մատակարարման շղթաներին  և կորոշարկեն ապագայի տեխնոլոգիաները»։

 

Նարեկ Մկրտչյանը նկատեց՝ Հայաստանն այսօր ունի հնարավորություն մաս կազմելու գլոբալ մատակարարման շղթայի, բարձրացնելու մեր երկրի տեսանելիությունը, տեղափոխվելու բոլորովին այլ հարաբերությունների միջավայր՝ անվտանգայինից մինչև տնտեսական։

 

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան հնչեցնելու հարցեր, կարծիքներ փոխանակելու և ստանալու մասնագիտական խորհուրդներ՝ կրթության արդի զարգացումների և մարտահրավերների,  անձնական և մասնագիտական հաջողությունների,  միջազգային ծրագրերին մասնակցության վերաբերյալ։

 

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ համալսարան այցելելու և ուսանողների ու դասախոսների հետ բովանդակալից հանդիպում ունենալու համար։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները կարևոր հարթակ են երիտասարդների աշխարհայացքի ընդլայնման, մասնագիտական կողմնորոշման,  ժամանակակից աշխարհի զարգացումների մասը կազմելու, երիտասարդների նախաձեռնողականությունը խթանելու  տեսանկյունից։

 

Լիլիթ Մկրտչյանը կարևորեց կրթության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության շուրջ ծավալված քննարկումները՝ նշելով, որ արագ փոփոխվող գլոբալ միջավայրում, որտեղ արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները վերափոխում են ամեն ինչ, չափազանց կարևոր է  հստակեցնել կրթության առջև ծառացած խնդիրները։