Շրջանավարտից՝ ոլորտի առաջատար․ ՀՊՄՀ-ում էին թանգարանների տնօրենները

03.06.2026
Շրջանավարտից՝ ոլորտի առաջատար․ ՀՊՄՀ-ում էին թանգարանների տնօրենները

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ԻԿՕՄ Հայաստանի անդամ մայրաքաղաքի մի շարք թանգարանների  տնօրենների և ոլորտի ներկայացուցիչների հետ:


Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում մեկնարկել է շրջանավարտների միասնական բազայի ձևավորման գործընթաց։ Նպատակն է պահպանել և ամրապնդել կապը բուհի շրջանավարտների հետ, ձևավորել համագործակցության նոր հարթակներ և ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ իր փորձով, գիտելիքներով ու մասնագիտական ձեռքբերումներով կարող է նպաստել համալսարանական համայնքի զարգացմանը։


Այս ձևաչափով առաջին հանդիպման առանցքում թանգարանագետի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացումն էր, այն երիտասարդների համար առավել հրապուրիչ և մրցունակ դարձնելը, ոլորտի հանրահռչակմանն ուղղված քայլերի նախանշումը, ինչպես նաև թանգարանների կրթական առաքելության վերարժևորումը։


Լիլիթ Մկրտչյանը, անդրադառնալով կրթական բարեփոխումների գործընթացին, ընդգծեց բուհի և գործատուների համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ ոլորտային փոփոխությունների արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն մասնագիտական համայնքի ակտիվ ներգրավմամբ։


Նա կարևորեց համալսարանում անհրաժեշտ ռեսուրսների, ժամանակակից մոտեցումների և մասնագիտական կարողությունների ներդրումը՝ կրթության որակի շարունակական բարելավման նպատակով։


Հանդիպման ընթացքում թանգարանների տնօրենները ներկայացրին իրենց մասնագիտական գործունեությունը, ոլորտում իրականացվող ծրագրերը, հանդես եկան մի շարք առաջարկներով՝ ուղղված մասնագիտության զարգացմանը, կրթական ծրագրերի կատարելագործմանը, ապագա մասնագետների պատրաստման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։


Կողմերը կարևորեցին հաստատությունների գործընկերությունը հուշագրով ամրագրելը, նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ դրանք դիտարկելով որպես փորձի փոխանակման և կապերի ամրապնդման արդյունավետ հարթակ։