Համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ
04.06.2026
ՀՊՄՀ-ի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջև այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել և ընդլայնել փոխգործակցությունը՝ մի շարք ուղղություններով, ինչպես նաև խթանել փորձի փոխանակումը երկու կառույցների մասնագետների միջև։
Կողմերը, մասնավորապես, նախատեսում են կազմակերպել համատեղ կրթական, գիտական, մշակութային և այլ միջոցառումներ, իրականացնել քննարկումներ՝ ներգրավելով երկու հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմին, հետազոտողներին և ուսանողներին։
Գիտակրթական ներուժի համատեղ գործածմանն ու մասնագիտական կապերի ամրապնդմանը միտված՝ նախատեսվում են դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստման ծրագրեր և վարպետության դասեր։
Լիլիթ Մկրտչյանը կարևորեց համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կստեղծի կրթական, գիտական և մշակութային նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի ուսանողների և դասախոսների մասնագիտական ներուժի առավել արդյունավետ իրացմանը։
Նա համագործակցությունը կարևորեց նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում, ինչը ենթադրում է բուհ-գիտահետազոտական ինստիտուտ սերտ համագործակցություն՝ ի նպաստ պետության, կրթության և ուսանողի։
Նշենք, որ հուշագրով նախատեսվում է նաև կամավորական ծրագրերի միջոցով ՀՊՄՀ ուսանողների ներգրավումը Արվեստի ինստիտուտի գործունեությանը, ինչը հնարավորություն կտա նրանց ձեռք բերել մասնագիտական փորձ և ընդլայնել ոլորտային գիտելիքները։
Հանդիպմանը ներկա էր նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ղեկավար կազմը։ Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը ներկայացրեց Արվեստի ինստիտուտի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության փորձը՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների արդյունավետությունը։
Վերջին հրապարակումներ
-
04.06.2026ՀՊՄՀ-ում էր դեսպան Նարեկ Մկրտչյանը