Քննարկվեցին  ԱՄՆ-ում և Հայաստանում լոգոպեդի մասնագիտական կայացման առանձնահատկությունները

05.06.2026
Քննարկվեցին  ԱՄՆ-ում և Հայաստանում լոգոպեդի մասնագիտական կայացման առանձնահատկությունները

ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում  կայացավ  «ԱՄՆ-ում (Կալիֆորնիա) և Հայաստանում լոգոպեդ դառնալու գործընթացների համեմատական ուսումնասիրություն. կրթություն, լիցենզավորում, ASHA CCC հավաստագրում և մասնագիտական գործունեության իրավունքներ» խորագրով դասընթացը։

 

Դասընթացը վարում էր ԱՄՆ-ից ժամանած M.S., CCC/SLP/PhD Candidate, Harmony Speech Therapy & Diagnostics-ի համահիմնադիր, Logopedics ՍՊԸ-ի հիմնադիր, ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ Թալին Աշիքեանը։

 

Ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը կարևորեց դասախոսությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր երկրներում ոլորտի ուսուցման առանձնահատկություններին։

Հանդիպմանը մասնակցում էին լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, ուսանողներ և ոլորտով հետաքրքրվածներ։ Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու երկու երկրների կրթական համակարգերում լոգոպեդի մասնագիտական պատրաստման առանձնահատկություններին, ոլորտի զարգացման միջազգային փորձին։

 

Դասընթացի ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչ կրթական և մասնագիտական ճանապարհ է անցնում լոգոպեդը ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆորնիայում, և Հայաստանում, անդրադարձավ մասնագիտական որակավորման, լիցենզավորման և աշխատանքի իրավունքի հետ կապված պահանջներին։

Ներկայացվեց նաև   ASHA-ի CCC-SLP հավաստագիրը, դրա նշանակությունն ու դերը խոսքի և լեզվի թերապևտների մասնագիտական գործունեության կազմակերպման,  միջազգային մասնագիտական միջավայրում մրցունակ լինելու տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում մասնակիցներն  ուսումնասիրեցին երկու երկրների համակարգերը, քննարկեցին մասնագիտական զարգացման հնարավորությունները, ինչպես նաև դեպքերի վերլուծության միջոցով անդրադարձան միջազգային փորձի կիրառման արդյունավետ մեխանիզմներին։

Դասընթացն ընթացավ ինտերակտիվ քննարկումների ձևաչափով՝ հնարավորություն տալով ներկաներին ընդլայնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ ոլորտի արդի միտումներին և միջազգային չափանիշներին։