Ամփոփեցին մանկավարժական պրակտիկան

05.06.2026
Ամփոփեցին մանկավարժական պրակտիկան

ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի դասախոսների ղեկավարված ուսանողական ուսումնաճանաչողական մանկավարժական պրակտիկաները ամփոփվում են հետաքրքիր ձևաչափերով։


Այս անգամ տարբեր ֆակուլտետների 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները մանկավարժական պրակտիկաների ընթացքում կատարած արտադասարանական աշխատանքները ներկայացրին հոլովակների և նախագծային աշխատանքի ձևաչափով։

Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը կարևորեց պրակտիկայի ընթացքում ուսանող-դասախոս համագործակցությունը, ինչպես նաև ուսանողների կողմից արտադասարանական աշխատանքի թվայնացումն ու մեդիակրթության անհրաժեշտությունը․«Այս նախագիծն ինքնանպատակ չէ․ ուսանողը պետք է կարողանա դեռևս ուսանողական նստարանից ներդրում անել իր մասնագիտության մեջ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծված հոլովակները կարող են ուսուցչի համար կիրառական նյութ դառնալ։

Պրակտիկայի ընթացքում իրենց կատարած աշխատանքները ներկայացրին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Բանասիրական, Սկզբնական կրթության, Պատմության և հասարակագիտության, Գեղարվեստական կրթության ֆակուլտետների ուսանողները։

Նրանք խոսեցին առաջին օրերի ընթացքում հանդիպած դժվարությունների, դրանց հաղթահարման, փոխվստահության մթնոլորտի ստեղծման ու աշակերտների հետ տարբեր միջոցառումների կազմակերպման, համարձակ նախաձեռնությունների մասին։

Նշեցին, որ պրակտիկայի ընթացքում հասկացել են՝ ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ուղղորդող և արժեքներ ձևավորող, որն իր առաքելությամբ պատասխանատվություն է կրում ապագայի հանդեպ ՝ կրթելով ամենատարբեր մասնագետների։

Հանձնախումբ գնահատեց հոլովակների դաստիարակչական գործառույթը, ներայացման ձևը, դասախոս-ուսանող համատեղ նախաձեռնողականությունն ու ստեղծագործականությունը, աշակերտ-ուսանող համագործակցությունը։

Հանձնախմբի անդամները փաստեցին՝ գաղափարները և թեմաները լավ էին ընտրված, թիմային համագործակցված աշխատանքը նկատելի էր, հոլովակները սիրով էին արված։ Ընդգծեցին՝ 21-րդ դարի աշակերտին պետք է կարողանալ փոխանցել գիտելիք ու ճաշակ, ուսանողները պետք է կարողանան վերադարձնել դասախոսների ներգործության ուժն ու եռանդը։

Ամփոփելով պրակտիկայի արդյունքները՝ Աիդա Թոփուզյանը շնորհակալություն հայտնեց դասախոսական կազմին՝ ուսանողներին ոգեկոչելու, նրանց գաղափարները կյանքի կոչելուն աջակցելու և ուղղորդելու համար։

Պրոֆեսորը ուսանողներին վստահեցրեց՝ կարողացել են իրենց գիտելիքները սիրով փոխանցել աշակերտներին՝ նրանց միջավայրում զգալով ուսուցչի մասնագիտության մարդասիրական նվիրումը։