Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ-ում ավարտվեց VaKE մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթացը

12.06.2026
ՀՊՄՀ-ում ավարտվեց VaKE մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթացը

Հունիսի 10-12-ը Մանկավարժական համալսարանում Էրազմուս+ կարողությունների զարգացման «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասում» (PROVE) նախագծի աշխատանքային 2 րդ փաթեթի (WP2) շրջանակում անցկացվեց եռօրյա վերապատրաստման դասընթաց։

Մասնակցեց հանրակրթական դպրոցների և կրթական այլ հաստատությունների տարբեր առարկաների 19 ուսուցիչ։

Վերապատրաստման նպատակն էր ներկայացնել ժամանակակից կրթական միջավայրում կիրառվող Արժեքների և գիտելիքի վրա հիմնված կրթության (Values and Knowledge Education – VaKE) մոդելի տեսական հիմքերն ու գործնական կիրառության հնարավորությունները, ինչպես նաև ծանոթացնել ոլորտի արդյունավետ ռազմավարություններին և մեթոդներին։

Դասընթացավարներն էին Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Մարիանա Ավետիսյանը և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ, դոցենտ Մարինե Մաթոսյանը։

Մասնակիցները ծանոթացան մեթոդաբանության հիմնարար սկզբունքներին, դրա կիրառման առանձնահատկություններին և կրթական գործընթացում արժեքահեն ուսուցման հնարավորություններին։

Գործնական աշխատանքների ընթացքում նրանք ուսումնասիրեցին Լոուրենս Քոլբերգի բարոյական զարգացման տեսությունը և բարոյական դիլեմաների կիրառման մեխանիզմները՝ որպես սովորողների արժեքային դատողությունների, քննադատական մտածողության և ակադեմիական գիտելիքների զարգացման արդյունավետ գործիք։

Մասնակիցները մշակեցին սեփական բարոյական դիլեմաներ փորձարկեցին VaKE մեթոդաբանության կիրառման տարբեր մոդելներ՝ հարմարեցնելով իրենց դասավանդման ոլորտներին։

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին նաև արհեստական բանականության (AI) կիրառման հնարավորությունները կրթության մեջ՝ ուսումնական գործընթացի համար հետաքրքիր, բազմաշերտ և արժեքային բաղադրիչ պարունակող դիլեմաների ստեղծման ու մշակման նպատակով։

Դասընթացի մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի բովանդակությունն ու ձևաչափը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն տվեց ձեռք բերել նոր գիտելիքներ, փոխանակվել մասնագիտական փորձով, վերաիմաստավորել դասավանդման մոտեցումները, ինչը կնպաստի ինչպես դասապրոցեսի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ անձնական և մասնագիտական զարգացմանը։

Ավարտին մասնակիցներին հանձնվեցին երկլեզու հավաստագրեր։

Նշենք, որ PROVE եռամյա ծրագրի համակարգողը Թելավիի պետական համալսարանն է, իսկ ծրագիրը համաֆինանսավորում է ԵՄ-ն։