Մանկավարժականում են պորտուգալացի գործընկերները

10.06.2026
Մանկավարժականում են պորտուգալացի գործընկերները

Մանկավարժական համալասարանում հյուրընկալվել էին Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի դասախոսներ Իզաբել Կոստան և Մարիա Մաթոսը։

 

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում բուհ այցելած պորտուգալացի գործընկերները հանդիպումներ ունեցան Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի, ինչպես նաև Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպմանը քննարկվեցին ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության, ուսանողների փոխանակման ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր հնարավորությունների ընդլայնման և երկկողմ գիտակրթական կապերի խորացման վերաբերյալ հարցեր։

 

Այցի շրջանակներում օտարերկրյա մասնագետները հանդես եկան նաև մասնագիտական դասախոսություններով։ Մարիա Մաթոսը ներկայացրեց «Աֆազիա ունեցող անձանց և նրանց հետ հաղորդակցվողների հաղորդակցման հմտությունների ուսուցում» թեման։
Նա առանձնահատուկ ընդգծեց աֆազիա ունեցող անձանց հետ շփվողների հաղորդակցման հմտությունների բարելավման կարևորությունը, խոսքային արգելքների հաղթահարման ուղիներն ու այն գործիքների կիրառումը, որոնք նպաստում են աֆազիա ունեցող անձանց լիարժեք սոցիալականացմանն ու հասարակական կյանքին ինտեգրմանը։

 

Իզաբել Կոստան  ներկայացրեց «Վաղ միջամտություն լսողական խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար» թեման։ Բանախոսը  խոսեց լսողական խանգարումների ախտորոշման ժամանակակից մեթոդներից ու  վերականգնողական տեխնոլոգիաների արդի ձեռքբերումներից, այդ թվում՝ լսողական ապարատների ու կոխլեար իմպլանտների մասին:

 

Ծավալվեց մասնագիտական ակտիվ քննարկում․ ներկաները հարցուպատասխանի միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալու ոլորտում առկա միջազգային լավագույն փորձին և  նորարարական մոտեցումներին:

 

Ի դեպ, Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի 2 ուսանող 2025-2026 ուս․ տարվա 2-րդ կիսամյակում ուսումնառություն են ստացել Ավեյրոյի համալսարանում։