ՀՊՄՀ-ն և ԿՏԱԿ-ը կհամագործակցեն․․․
09.06.2026
ՀՊՄՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի (ԿՏԱԿ) միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ կրթության ոլորտում համագործակցության խորացման, նորարարական կրթական նախաձեռնությունների խթանման և միջազգային փորձի ներդրման նպատակով։
Այն ստորագրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
Հուշագիրը նպատակաուղղված է կրթության որակի բարելավմանը, կրթական, մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերի մշակմանը, նորարարական մեթոդների ներդրմանը, դպրոցի դերի, մանկավարժի վարկանիշի բարձրացմանն ու մանկավարժական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը։
Բացի այդ, նախատեսվում է կրթական տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում, վերապատրաստումների, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում, նորարարական կրթական մեթոդների ու թվային գործիքների ներդրման աջակցություն, ինչպես նաև ապագա ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում։
Հուշագիրը միտված է նաև ապագա ուսուցիչների, դասախոսների և գործող մանկավարժների թվային, մեթոդական և միջմշակութային կարողությունների զարգացմանը, ուսուցիչ-մարզիչների դերի ամրապնդմանը՝ որպես մենթորների և մասնագիտական ուղղորդողների, ինչպես նաև կրթական ոլորտում լավագույն փորձի տարածմանը։
Առանձնապես կարևորվելու է ՀՊՄՀ ուսանող-ուսուցիչների և դասախոսների ներգրավումը European School Education Platform-ում և eTwinning համայնքում, այդ թվում՝ «eTwinning for Future Teachers» խմբում։ Նախատեսվում է նաև միջազգային eTwinning նախագծերի մշակում և իրականացում՝ հիմնված նախագծահեն ուսուցման (PBL) մոտեցման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և դասախոսներին ակտիվորեն մասնակցել միջազգային կրթական համագործակցությանը։
Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաև eTwinning-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Տաթևիկ Յափունջյանը։ Հիշեցնենք, որ Մանկավարժակա համալսարանը Հայաստանի միակ բուհն է, որը տևական ժամանակ է՝ միացել է European School Education Platform-ի eTwinning համայնքին։
Տաթևիկ Յափունջյանը մանրամասն ներկայացրեց eTwinning հարթակի հնարավորությունները, առաջիկայում նախատեսվող աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները։ Բուհի ներկայացուցիչները կիսվեցին հարթակի վերաբերյալ ակնկալիքներով, ներկայացրին մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու անդրադարձան կրթական, գիտահետազոտական և մասնագիտական զարգացման գործընթացներում eTwinning-ի կիրառման հնարավորություններին։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց հարթակի դերը միջազգային փորձի, մանկավարժական առաջավոր մեթոդաբանությունների և նորարարական կրթական մոտեցումների ուսումնասիրման ու տեղայնացման գործում՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են կրթության որակի բարելավմանը։
Վերջին հրապարակումներ
-
08.06.2026ՀՊՄՀ-ում ամփոփվեց վերապատրաստման դասընթացը
-
05.06.2026Ամփոփեցին մանկավարժական պրակտիկան