«Մաթեմատիկայի և գեղեցիկի փոխհարաբերություն»․ հայտնի են մրցույթի հաղթողները

24.06.2026
«Մաթեմատիկայի և գեղեցիկի փոխհարաբերություն»․ հայտնի են մրցույթի հաղթողները

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ընդլայնված նիստում հայտնի դարձան «Մաթեմատիկայի և գեղեցիկի փոխհարաբերությունը» թեմայով մրցույթի հաղթողները։

Տարեսկզբին ամբիոնի պրոֆեսոր Համլետ Միքայելյանը հանրապետության ուսուցիչների և ուսանողների համար հայտարարել էր մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել մաթեմատիկայի՝ որպես ոչ միայն գիտության, այլև գեղագիտական ընկալման ու արժևորման միջոցի շուրջ քննարկումները։

Ինչպես նշեց նա՝ մաթեմատիկայի և գեղեցիկի փոխհարաբերության պարզաբանման չորս հիմնական ճանապարհ կա՝ ընդհանրություն, մաթեմատիկայի լեզու, արտաքին և ներքին գեղագիտություն, ինչպես նաև գեղագիտական հայտանիշներ։ «Մաթեմատիկան ոչ միայն գեղեցիկի կազմավորման, այլև նրա գնահատման, սովորողներին գեղեցիկով ապրել սովորեցնելու կարևոր գործիք է»,-ընդգծեց պրոֆեսորը՝ հավելելով, որ կրթության մեջ մաթեմատիկական մտածողության զարգացումն օգնում է ձևավորել նաև ճաշակ, ներդաշնակության ընկալում և ստեղծագործական մոտեցումներ։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Արթուր Թադևոսյանը կարևորեց մաթեմատիկայի կապը ճշմարտության և գեղեցիկի հետ՝ ընդգծելով նրա դերը սովորողների գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տրամաբանական մտածողության զարգացման գործում։

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը ևս ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են ուսուցիչների և ուսանողների գիտական ու ստեղծագործական ներուժի բացահայտմանը։

Մրցույթում հաղթող ճանաչվեց 11 մասնակից, որոնք պարգևատրվեցին Համլետ Միքայելյանի հեղինակած գրքերով։